ԵԽ ընտրություններ. Ճանապարհային քարտեզի այն բոլոր ծրագրերը, որ սկսել էին իրականացվել, կարող են կանգ առնել

Եվրամիությունում մայիսի 23-26-ը կայացել են Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնց ընտրողների մասնակցությունը նախորդ տարիների համեմատ շատ ավելի ակտիվ է եղել՝ 50.5%: Ընտրությունների արդյունքներով կոնսերվանտների և սոցիալ-դեմոկրատների խմբակցությունները մի շարք պատգամավորական տեղեր են կորցրել, լիբերալները և Կանաչները, ընդհակառակը, ընդլայնել են իրենց ներկայությունը Եվրախորհրդարանում: Եվրո-թերահավատները և այլ, ավելի արմատական շարժումները, ինչպիսիք են աջակողմյան ազգայնամոլները, ևս ամրապնդել են իրենց դիրքերը: Այժմ արդեն բանակցությունների փուլն է, որը կարող է էական ազդեցություն ունենալ ուժերի դասավորվածության վրա։

Ինչպե՞ս կզարգանան Հայաստանի հարաբերությունները նոր ԵԽ-ի հետ, և այս կառույցում փոփոխություններն ինչպե՞ս կազդեն վիզաների ազատականացման գործընթացի վրա։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ։ 

– Տիկին Սեդրակյան, ԵԽ-ում ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կգնահատեք։

– Ակնհայտ է, որ այդքան երկար ժամանակ երբևէ չի եղել նախադեպ, որ աջերը նման հստակ դիրք գրավեին Եվրոպական խորհրդարանում։ Նաև շատ լավ դիրք են գրավել Կանաչները, և դա նշանակում է, որ եվրոպական հանրությանը մտահոգում է երկու խնդիր, դա իրենց պետությունը մուլտիկուլտուրիզմից պաշտպանելն է։ Ցավոք, տեսնում ենք, որ Անգելա Մերկելը, որ այդ մուլտիկուլտուրիզմի քաղաքականության սկսողն էր, ինքն էլ ստիպված խոստովանեց, որ այդ քաղաքականությունը տապալվել է, և դրա հետևանքն է ընտրությունների այս արդյունքը։

Աջերի դոմինանտության՝ ԵԽ-ում ընդհանուր քանակն այդքան ուժեղ չէ, բայց երևում է, որ մեծ քանակությամբ աջեր տեղ են գրավել ԵԽ-ում, և դա նշանակում է, որ ավելի խստանալու են մոտեցումները և՛ միգրացիայի, և՛ վիզայի ազատականացման ռեժիմի հանդեպ։ Եվ դա մի ուրիշ աշխարհաքաղաքական ինդեքս է ազդարարում, որ եվրոպական և ամերիկյան քաղաքականությունները մոտենում են իրար։ ԱՄՆ-ը միշտ ավելի խիստ դիրք էր գրավում՝ և՛ ՆԱՏՕ-ի գերակայության շուրջ, և՛ միգրացիայի օրենքների խստացման շուրջ, և հիմա մենք տեսնում ենք, որ ԵԽ-ն՝ իր ընդհանուր կառուցվածքով, հնարավոր է՝ ավելի մոտենա ամերիկյան քաղաքականության մոդուլին։ Դա մի կողմից՝ լավ է, որ պետք է ազդարարի այս երկու բևեռների միասնությունը, իսկ դա շատ պետք է Ռուսաստանի դեմ որոշակի ընդհանուր ծրագիր մշակելու համար և ընդհանրապես իսլամական աղետին դիմակայելու գործում։ Ես կարծում եմ, որ եվրոպացիներն այս պարագայում արեցին ոչ թե ճիշտ կամ սխալ, այլ առավելագույնս կենսապահպան որոշում։

– Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ի՞նչ հեռանկար է սպասվում։

– Դա կերևա ապագայում։ Հայաստանն ունի մի առավելություն, որ ինչքան էլ փորձում են խուսափել, մշակութաբանորեն մենք չենք հակադրվում եվրոպական կոդեքսին։ Հայաստանն իր մեջ ո՛չ տեռորիստական վտանգ է պարունակում, ո՛չ խոշոր թրաֆիկինգի։ Այդ պատճառով Հայաստանի շանսերը գուցե մնան նույնը։ Բայց մեր խնդիրն այլ է, մեր խնդիրն այդ շանսերը բարելավելն է։ Եվ դրա միակ ձևը եվրոպական ինտեգրացիայի մասին ավելի բաց քաղաքական տեքստով խոսելն է, որ չկար նախորդ իշխանությունների օրոք, և, ցավոք, կարծես այդ միտումը կրկնվում է նաև այս իշխանությունների օրոք՝ չկա եվրոինտեգրացիայի այդ վճռականությունը։

– ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կլինի։

– Մինչ այս բավականին երկրներ առաջ են գնացել վավերացմանը։ Գործընթացը հետաձգելը ներկա պահին շատ վատ հետևանք կունենա այն առումով, որ ճանապարհային քարտեզի այն բոլոր ծրագրերը, որ սկսել էին իրականացվել, կարող են կանգ առնել։ Հուսով եմ, որ քանի որ այդ պրոցեսը նախորոք էր սկսվել, այժմ որևէ հիմք չունի դանդաղեցման համար։ Այլ հարց է, որ համաձայնագրի հետագա խորացումը կամ բովանդակային լրացումները գուցե կանգ կառնեն։

– Ինչո՞ւ։

– Բոլոր եվրոպամետների վերջնական նպատակն ամբողջական ինտեգրացիան է։ Սա կիսատ-պռատ համակարգ է, որ մենք ժառանգել և իրականացնում ենք։ Այդ ավելի խորքային ինտեգրացիայի տեսլականը կարող է դանդաղել, ոչ թե համաձայնագիրը ներկա պահին, այլ այն հնարավորինս խորացնելու տեսլականը։

– Միգրացիայի խստացման դեպքում ԵՄ-ից արտաքսվող ՀՀ քաղաքացիների թիվը կավելանա՞։

– Արտաքսման մասին պետք է ունենալ հստակ պատկերացում, որովհետև մամուլը կա՛մ շփոթության մեջ է, կա՛մ շփոթության մեջ է գցում մարդկանց։ Արտաքսվում են միայն նրանք, որոնք չունեն որևէ կարգավիճակ, ներառյալ՝ փախստականի կարգավիճակը։ Ուրեմն, եթե Եվրոպական դատարանով, որը յուրաքանչյուր դեպք քննում է առանձին-առանձին, ոչ թե ինչ-որ միգրացիոն փաթեթով, մարդը ստացել է փախստականի կարգավիճակ, այդ որոշումը դարձելի չէ: Այսինքն՝ այդ մարդը երբևէ չի կարող արտաքսվել Եվրոպայից։ Եվրոպական օրենսդրության համաձայն՝ Եվրոպայից արտաքսվում են առանց որևէ գեոպոլիտիկ տրամադրվածության այն մարդիկ, որոնք խուսափել են դատական գործընթացով անցնելուց և կարգավիճակ ստանալուց։ Այս պարզաբանումը շատ էական է, որովհետև մամուլում խառնաշփոթ է, մարդկանց ասում են՝ Հայաստանում ժողովրդավարություն է, դրա համար են մարդկանց արտաքսում։ Չկա նման հիմնավորում և երբևէ չի կարող լինել նման հիմնավորում երկաթյա եվրոպական օրենսդրության և երկաթյա անկախ դատարանի գոյության պայմաններում։

– Իսկ միգրացիոն քաղաքականությունն ավելի՞ է խստացվելու։

– Խստացվելու են ապագա միգրացիայի օրենքները։ Այլևս բոլոր այն մարդիկ, որ դիմելու են հեռանալու համար, պետք է շատ լուրջ հիմնավորումներ ներկայացնեն, օրինակ՝ առողջական։

– Վիզայի ազատականացման հարցում ի՞նչ է սպասվում։

– Այստեղ սպասումները բացասական են, որովհետև մինչև նոր խորհրդարանը սկսի գործել, մինչև նոր ընթացակարգ, մինչև փոփոխություններ, որոնք անպատճառ կլինեն, չեմ կարծում, որ մինչ դա որևէ առաջընթաց կլինի։ Խոչընդոտներ, չեմ կարծում, թե կլինեն, բայց զուգահեռ՝ այնքան գործեր կառաջանան, որ միգուցե այդ վիզաների ազատականացման հարցը մղվի երկրորդական պլան, այսինքն՝ գործընթացն ավելի երկարի մոտ 1 տարով։

Տեսանյութեր

Լրահոս