Վալերիյ Օսիպյանը ՊՎԾ պետի պաշտոնակատարին մեղադրեց պոպուլիզմի ու դիլետանտության մեջ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պարզաբանումը ոստիկանությունում արձանագրած խախտումների վերաբերյալ ավելի շատ պոպուլիստական բնույթ ունի։ Նման հայտարարություն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

«Կարևոր հանգամանք եմ ուզում ձեզ ներկայացնել, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերահսկվող օբյեկտին պարտավոր էին ներկայացնել տեղեկանք, էն էլ՝ ավարտից հետո։ Ես կոռեկտ չեմ համարում նման հայտարարությունն այս փուլում, փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ անձանց։ Տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը պետք է կարծիք ներկայացներ։ Եվ այդ ամենից հետո ՊՎԾ մասին օրենքի համաձայն՝ պաշտոնակատարը ՀՀ վարչապետին պետք է ներկայացներ իր հայտնաբերածը և ոստիկանության մասին կարծիքը։ Նոր ՀՀ վարչապետը կորոշեր՝ ո՞ր իրավակառույցը զբաղվի դրանով, եթե կա խախտում։ Ինքը շտապեց և չհիմնավորված հայտարարություններ արեց»,- ասաց Վ.Օսիպյանը՝ ՊՎԾ գործողությունները դիլետանտություն անվանելով։

Նրա հավաստմամբ՝ ոստիկանությունը գործում է թափանցիկ, և նմանօրինակ խոսակցություններն անհիմն են, քանի որ խոսքն ընդամենը պետհամարանիշերի պետստանդարտների մասին է. «Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե անգամ ուզեցել է պետության սեփականություն հանդիսացող առարկան՝ պետհամարանիշը, է՛լ ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգոներ դնել այնտեղ, որ կեղծիքներ չլինեն, որովհետև վերջին ժամանակներս շատ կեղծիքներ են լինում։ Նախ ասեմ՝ 10 տարի և ավելին միայն մեկ կազմակերպություն է անընդհատ այդ մրցույթը շահել։ Ես ոչ թե թույլատրել եմ, այլ աջակցել եմ, որպեսզի մասնակցի մեկ այլ կազմակերպություն։ Եվ այդ կազմակերպությունը, որը շահել է այդ մրցույթը, հենց իր բողոքի հիման վրա է վարչապետը հանձնարարել»։

Հարցին՝ ոստիկանապետն իրավունք ունի՞ աջակցելու որևէ կազմակերպության, Վ.Օսիպյանը պատասխանեց, թե աջակցությունն այն է եղել, ընդունել է նրան՝ չիմանալով, թե ով է նա. «Ես եթե չաջակեի, կշարունակեի այն ձեռագիրը, որը 10 տարի շարունակ եղել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս