Ավտոմեքենայի սրահից անհայտ անձի կողմից գաղտնի հափշտակվել է երեք հատ պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
2019 թվականի մայիսի 5-ին` ժամը 00:30-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ մայիսի 4-ին` ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի դիմաց կայանված, Երևան քաղաքի՝ 1971թ. ծնված բնակչին պատկանող ավտոմեքենայի սրահից անհայտ անձի կողմից գաղտնի հափշտակվել է երեք հատ պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր, ադամանդե քարեր և երկու հատ նոթատետր` պատճառելով առանձնապես խոշոր չափերով, նախնական գնահատմամբ, մոտ 98.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2019 թվականի մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: 1971թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի և Ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից կատարվել են մեծածավալ գործողություններ:
Առաջ են քաշվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ուսումնասիրվել են դեպքի օրը տուժողի ավտոմեքենայի երթուղու տեսաձայնագրությունները. պարզվել է, որ տուժողի ավտոմեքենան հետապնդվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից:
Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են գողության մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1984թ., տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նրանցից մեկը, ով զբաղվում է ադամանդյա քարեր տեղադրելով, գործով տուժողի ընտանիքի հետ գտնվում է գործնական և մտերիմ հարաբերությունների մեջ, իսկ մյուսը՝ նրա ընկերն է:
Քննության տվյալներով՝ վերջինս, ընկերոջից տեղեկանալով, որ նրա ծանոթները առևտրի կենտրոնում զբաղվում են ոսկյա զարդերի առևտրով և որ աշխատանքային օրվա ավարտին ավտոմեքենայով տուն են տեղափոխում վաճառասեղանին առկա առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի ու ադամանդյա քարերի զգալի մասը, միասին որոշել են ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել դրանք:
Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով՝ ադամանդյա քարեր տեղադրող տղամարդը տուժողի կնոջից խաբեությամբ ձեռք է բերել նրա ավտոմեքենայի բանալին, այն փոխանցել ընկերոջը, իսկ վերջինս պատրաստել է բանալու կրկնօրինակը:
Ունենալով ավտոմեքենայի բանալու կրկնօրինակը՝ 2019 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 17-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք առևտրի կենտրոնի մոտ դարանակալել են և ժամը 18:13-ի սահմաններում, նկատելով, որ տուժողը պոլիէթիլենային տոպրակները ձեռքին դուրս է եկել առևտրի կենտրոնից և դրանք տեղավորում է ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ սկսել են հետապնդել նրան:
Այնուհետև օգտվելով վերջինիս բացակայությունից՝ տուժողի գործընկերոջ ընկերը, ձեռքերին՝ ռետինե ձեռնոցներ, մոտեցել է ավտոմեքենային ու բանալու կրկնօրինակով բացելով ավտոմեքենայի կենտրոնացված փականը՝ ապօրինի մուտք է գործել սրահ ու գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով, նախնական գնահատմամբ, շուրջ 98.000.000 ՀՀ դրամ արժողության տարատեսակ ոսկյա զարդեր ու ադամանդյա քարեր և դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տուժողի գործընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են տուժողի ավտոմեքենայի բանալու կրկնօրինակը և գողոնն ամբողջությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: