Փորձագետներն աշխարհում ալկոհոլի օգտագործման աճ են արձանագրել. The Guardian
1990-ից մինչեւ 2017 թվականն աշխարհում ալկոհոլի օգտագործման մակարդակն ավելացել է 10 տոկոսով, ինչն զգալի չափով պայմանավորված է Չինաստանում եւ Հնդկաստանում՝ մոլորակի ամենախտաբնակ պետություններում, սպառման աճով: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով փորձագետների միջազգային խմբի՝ 189 երկրների տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրությունը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, եթե 1990 թվականին յուրաքանչյուր մարդ (15-ից մինչեւ 99 տարեկան) տարեկան օգտագործում էր միջին հաշվով 5,9 լիտր (մաքուր սպիրտի համարժեքով), ապա 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 6,5 լիտր: Մինչեւ 2030 թվականն սպառման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում, ինչպես կարծում են փորձագետները, այդ ցուցանիշը կարող է ավելանալ 17 տոկոսով եւ հասնել 7,6 լիտրի: Ընդ որում՝ ալկոհոլի գրանցված սպառման 45 տոկոսը բաժին է ընկնում սպիրտային թունդ խմիչքներին, 15 տոկոսը՝ գարեջրին, 12 տոկոսը՝ գինուն:
«Մինչեւ 1990 թվականն ալկոհոլի մեծ մասը գործածվում էր եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում, ընդ որում՝ ալկոհոլի առավել շատ օգտագործումը գրանցվել էր Եվրոպայում,-հայտարարել է հետազոտական խմբի ղեկավար Յակոբ Մանթեյը՝ Դրեզդենի կլինիկական հոգեբանության եւ հոգեթերապիայի ինստիտուտից:- Սակայն այդ մոդելն էականորեն փոխվել է: Ալկոհոլի օգտագործումն զգալիորեն նվազել է Արեւելյան Եվրոպայում եւ միաժամանակ աճել է միջին եկամուտ ունեցող մի քանի երկրներում, ինչպիսիք են՝ Չինաստանը, Հնդկաստանը եւ Վիետնամը»:
Ալկոհոլային խմիչքների ամենաքիչ սպառումը նշվել է Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում՝ մեկ մարդու հաշվով՝ մեկ լիտրից պակաս, ամենաշատը՝ Արեւելյան Եվրոպայի երկրներում՝ 12 լիտրից ավելի: 2017 թվականին 15 եւ ավելի բարձր տարիքի ավելի շատ մարդիկ (մոլորակի մյուս շրջանների համեմատությամբ) ալկոհոլային խմիչքներ օգտագործել են Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում, ընդ որում՝ ավելի մեծ քանակություններով, քան մյուս տարածաշրջաններում:
Ֆրանսիայում, օրինակ, տղամարդիկ օգտագործել են 19 լիտր մաքուր սպիրտին համարժեք ալկոհոլ, իսկ կանայք՝ վեց լիտրից պակաս, ինչը մեկ մարդու հաշվով կազմում է միջինը 12 լիտրից փոքր-ինչ ավելի: ԱՄՆ-ում երկու տարի առաջ այդ ցուցանիշը հասնում էր 15 եւ 4,5 լիտրի, համապատասխանաբար, կամ մեկ մարդու համար՝ միջին հաշվով մոտավորապես 10 լիտրի:
Չինաստանում այն կազմում էր յոթ լիտրից փոքր-ինչ ավելի, իսկ Հնդկաստանում՝ վեցից պակաս: Ամբողջ աշխարհում, ինչպես հետեւում է զեկույցից, մոտավորապես 237 մլն տղամարդ եւ 46 մլն կին տառապում է ալկոհոլի հետ կապված խանգարումներից ու հիվանդություններից, եւ այդ բնագավառում ամենաբարձր ցուցանիշները նշվել են Եվրոպայում (15 տոկոս եւ 3,5 տոկոս՝ համապատասխանաբար), իսկ Հյուսիսային Ամերիկայում դրանք կազմում են 11,5 տոկոս եւ 5 տոկոս:
Մեկնաբանելով այս ոլորտում ստեղծված իրադրությունը՝ հետազոտողներն արձանագրում են, որ աշխարհը չի ընթանում «ալկոհոլի վնասակար օգտագործման կրճատման գլոբալ նպատակին հասնելու ճանապարհով»: Ներկայիս միտումը փոխելու համար փորձագետներն անհրաժեշտ են համարում մի շարք կոշտ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումը եւ դրանց գովազդի արգելումը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են The Lancet բժշկական հանդեսում, որն առավել հայտնի եւ հեղինակավոր հրատարակություններից մեկն է բժշկության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: