«Ես չեմ կարծում, որ Զելենսկուն բարդ է լինելու շփվել Պուտինի հետ. այստեղ կա մի պայման…». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ռոմանտիզմի տրիումֆն է պրագմատիզմի հանդեպ. «РБК» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Իլյա Դորոնովին տված հարցազրույցում այսպես է բնութագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին:
Ռուսական հեռուստաընկերությունը տարածել է հարցազրույցի անոնսը՝ նշելով, որ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի մայիսի 13-ին:
ՀՀ վարչապետը Իլյա Դորոնովին ասել է, որ հեղափոխության համար մոտ 200 հազար դոլար է ծախսվել: Նիկոլ Փաշինյանն ու «РБК» հեռուստաալիքի գործադիր տնօրենը շրջել են քաղաքում, այցելել մայրաքաղաքում գործող սուպերմարկետներից մեկը, որտեղ լրագրողը Փաշինյանին կատակով հարցրել է.
«Վաճառողնե՞րն են, թե վարչապետի անվտանգության աշխատակիցները», ինչին ի պատասխան Փաշինյանը ժպտալով ասել է, որ իրական վաճառողներ են:
Հարցազրույցի անոնսում վարչապետը նշել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ նույն հեռուստաալիքին տրված հարցազրույցի՝ ապրիլի 23-ին հրապարակված էպիզոդում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել էր, թե ինչպես է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ տվել հարաբերություններ կառուցել Պուտինի հետ:
«Ես չեմ կարծում, որ Զելենսկուն բարդ է լինելու շփվել Պուտինի հետ. այստեղ կա մի պայման՝ պետք է հնարավորիս ազնիվ լինել։ Պարզապես պետք է անկեղծ և ազնիվ շփվել», – ասել էր Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ թեև նման շփումը ընդունված չէ դիվանագիտությունում, ինքը բոլորի հետ հենց այդպես է շփվում։