«Զվարթնոց» օդանավակայանը շուտով կշարունակի բնականոն թռիչքներ իրականացնել 24-ժամյա ռեժիմով
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր, վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաև ցերեկային ժամերին, ինչը թույլ կտա օդանավակայանին կրկին աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Ապրիլի 1-ից մինչև մայիսի 15-ը օդանավակայանից թռիչքներն իրականացվում են միայն գիշերային ժամերին։
Թռիչքուղին ունի 3850 մ երկարություն և 56 մ լայնություն: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 1-ին և իրականացվում են 12 մլն ԱՄՆ դոլար ներդրումների արդյունքում:
Լրագրողների համար մայիսի 7-ին կազմակերպվել էր այց «Զվարթնոց»՝ ականատես լինելու թռիչքուղու վերանորոգման վերջին աշխատանքներին: Տեխնիկան, չնայած ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններին, ամբողջ հզորությամբ աշխատում էր:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական մենեջեր Աշոտ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են 3 փուլով:
«Ասֆալտի ծածկույթի «ծառայելու» ժամկետը 10 տարի է, սակայն շահագործման ընթացքում ճիշտ սարքավորումներ օգտագործելով մենք կարողացել ենք երկարացնել «ծառայության» ժամկետը: Այս վերանորոգումից հետո ամենաքիչը 15 տարի թռիչքուղին կգործի»,- նշեց Միրզոյանը:
Վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս օգտագործվել են նոր նյութեր՝ պոլիմերներ, որոնք ավելի են ամրացնում ձյութի կպչողականությունը, ընդհանուր ասֆալտ-բետոնի խառնուրդի ամրությունը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական մենեջերն ընդգծեց, որ կատարված աշխատանքի ընթացքում օգտագործվել և օգտագործվում են բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները:
Աշխատանքներում բարձր որակ, ինչպես նաև միջազգային լավագույն ստանդարտներ ապահովելու նպատակով նորոգման աշխատանքներն իրականացվել են Գերմանիայից Հայաստան ներմուծված գերժամանակակից տեխնիկական միջոցներով:
«Օրական իրականացվում է 1000 մ երկարությամբ և 4 մետր լայնությամբ ասֆալտապատում: Արդեն իսկ ավարտվել է 2850 մ երկարությամբ թռիչքուղու ասֆալտապատումը, մնացել է վերջին 1000 մետրը»,- ասաց Միրզոյանը:
Աշխատանքների իրականացման ընթացքում թռիչքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվել է նորով: Նոր LED համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:
Թռիչքուղու աշխատանքներին զուգահեռ իրականացվում էր նաև հարակից հատվածի խոտածածկ տարածքի նորոգում, որպեսզի ապահովվի օդանավակայանին ներկայացվող միջազգային պահանջները: Միրզոյանի խոսքով՝ հողային հատվածը պետք է լինի շատ հարթ և ամուր:
Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004 թվականներին: