Բաժիններ՝

Կատարը առաջիկայում կանդրադառնա Երևանում դեսպանության հիմնադրման խնդրին

Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (Tamim ben Hamad Al Thani)։

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Կատարի էմիրն իր գոհունակությունն է հայտնել Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առաջիկայում իրենք նույնպես կանդրադառնան Երևանում Կատարի դեսպանության հիմնադրման խնդրին։ Շնորհավորելով դեսպան Ղարիբջանյանին և հաջողություն մաղթելով նրան արդեն որպես ռեզիդենտ դեսպանի՝ էմիր Ալ Թանին հույս է հայտնել, որ Կատարի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան և առաջընթաց կգրանցեն։

Դեսպան Ղարիբջանյանը շնորհակալություն է հայտնել էմիրին և վստահեցրել, որ կշարունակի ներդնել իր առավելագույն ջանքերը ՀՀ-Կատար երկկողմ հարաբերությունների առավել խորացման և համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

ՀՀ դեսպանը Կատարի էմիրին փոխանցել է ՀՀ նախագահի ջերմ ողջույնները՝ մաղթելով Կատարի ժողովրդին հետագա առաջընթաց և բարեկեցություն։ Իր հերթին էմիր Թամիմ Ալ Թանին խնդրեց իր ջերմ ողջույններն է հաղորդել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ընդգծելով իրենց անձնական և գործնական սերտ հարաբերությունները։

Մայիսի 4-ին, Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել էր արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սաադ Ալ-Մուրեյխիին (Sultan Bin Saad Al-Muraikh)։

Պետնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում և լիակատար աջակցություն հայտնել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների խթանման գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս