«Ուժային կառույցներն անկախությունից ի վեր օգտագործվել են որպես քաղաքական հաջողության հասնելու հարթակ»
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը շահագրգռված է, որ ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու դառնան ԱԺ-ին, սակայն ոչ նախարարության դառնալու ճանապարհով:
Աբրահամյանն այս մասին ասաց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը՝ անդրադառնալով ավելի վաղ ընդդիմադիր գործընկերների կողմից առաջարկին՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու մասին:
«Ուժային կառույցներն անկախությունից ի վեր օգտագործվել են որպես քաղաքական հաջողության հասնելու հարթակ: Ժողովրդավարական ինստիտուտների չկայացած համակարգերում, քաղաքական, կուսակցական համակարգի բացակայության պայմաններում ուժային կառույցները դառնում են այն հիմնական գործիքը՝ մանիպուլացնելու ողջ քաղաքական դաշտը և այլն: Ուժային կառույցները քաղաքական մարմիններ դարձնելով՝ մենք նորից մտնելու ենք նախկին խեղաթյուրված քաղաքական միջավայրի վերաձևման հարթակ: Վստահ եմ, որ որևէ մեկը, այդ թվում ընդդիմության գործընկերները սա չեն ուզում»,-ասաց Աբրահամյանը:
Նա նշեց, որ արվել է առաջարկ՝ ուժային այդ կառույցներն ԱԺ-ին հաշվետու դարձնելու ուղղությամբ, և այդ առաջարկի ուղղությամբ իրենք աշխատելու են: Պատգամավորը նկատեց, որ իրենց ոչինչ չի խանգարում փոխել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը և կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ավելացնել նաև առընթեր մարմիններ բառը: «Ոչինչ չի խանգարում մեզ գնալ ընդհուպ Սահմանադրության փոփոխության: Մենք իսկապես բոլորս ենք շահագրգռված, որ այս ուժային կառույցները հաշվետու լինեն ԱԺ-ում, սակայն ոչ նախարարության դառնալու ճանապարհով»,-եզրափակեց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկել էր, որ ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը դառնան նախարարություններ: