Ավստրալիան շարունակում է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել Ասանժին
Ավստրալիայի կառավարությունը շարունակում է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել Wikileaks-ի հիմնադրին՝ ավստրալացի Ջուլիան Ասանժին, որը մայիսի 1-ին բրիտանական դատարանի կողմից 50 շաբաթվա բանտային կալանքի է դատապարտվել 2012 թվականին գրավով ազատ արձակվելու պայմանները խախտելու համար:
Այդ մասին մայիսի 2-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Ավստրալիայի կառավարությունը շարունակում է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել պարոն Ասանժին, որը ներառում է բանտում նրան այցելելը եւ շփումը ավստրալացի նրա մերձավորների հետ»,-ասել է Ավստրալիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը: Մայիսի 2-ին լսումներ են կայանալու Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցի շուրջ: