Բաժիններ՝

Արամ Մանուկյանն իր դիմումի համաձայն չվճարվող արձակուրդի է մեկնել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն իր դիմումի համաձայն չվճարվող արձակուրդի է մեկնել: Այս մասին 168.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

«Ամեն դեպքում իր գրառումները տարօրինակ էին, բայց հիմա չեմ փորձի գնահատել տարօրինակությունն ինչում էր: Ինձ թվում է՝ ինքը հետագայում կբացատրի, թե այդ ամեն ինչն ինչի հետ էր կապված, ինչո՞ւ էր նման գրառումներ անում»,-168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ մեկնաբանելով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան վարքագիծը:

Հ. Սիմիդյանը նշեց, որ նախկինում շփվել է Մանուկյանի հետ.

«Իմ վրա նորմալ մարդու տպավորություն է թողել, մենք անգամ ընկերական հարաբերություններ ունենք, բայց դրանից հետո չեմ խոսել հետը»:

Ըստ նրա՝ Քաղաքացիական պայմանագիր կուսկացությունում Մանուկյանի հարցը չի քննարկվել ու, թերևս, չպետք է քննարկվի, որովհետև Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ:

Սիմիդյանի կարծիքով՝ խնդիրը պետք է քննարկվի նրա վերադասի հետ:

Հիշեցնենք, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Նիկոլ Փաշինյանի թիմակից Արամ Մանուկյանը հերթական աղմկահարույց գրառումն էր արել ֆեյսբուքյան իր էջում ու հետո կրկին արգելափակել այն։

Գրառումներից մեկով Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի վերաբերյալ սկանդալային գրառում արեց՝ թաղապետ Գևորգ Բաբայանին որակելով՝ «անթասիբ ու անինքնասեր».

«Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,- գրել էր նա ու անհետացել ֆեյսվբուքից։ Հետո, հայտնվելով, հայտարարեց՝ իբր իր հեռախոսը գողացել են ու իր փոխարեն գրառում կատարել թաղապետի հասցեին, ու շարունակեց թաղապետի տեղակալի պաշտոնում աշխատել:

Երեկ էլ Մանուկյանն իր ֆեյսբուքյան հերթական նոր էջում գրառումներ րէ կատարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և այդ կառույցի տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ և ի պաշտպանություն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի։ «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են։  Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»,- գրել է նա։

Երեկ Երևանի քաղաքապետարանից «168 Ժամի» հարցին ի պատասխան չէին հաստատել Փաշինյանի թիմակից ակտիվիստ Արամ Մանուկյանի հրաժարականի մասին լուրը։

«Ըստ էության վարչական շրջանի ղեկավարի վարքագծի, կամ նրա ազատման, կամ աշխատանքի շարունակության նպատակահարմարության վերաբեյալ որոշումը կայացնում է իրեն նշանակողը, այն է՝ վարչական շրջանի ղեկավարը։ Հանրային ծառայության մասին օրենքում կան հանրային ծառայողի էթիկայի վարքականոնների մասին նշումներ, և, կարծում եմ, հենց այդ օրենսդրության համապատասխան պետք է գնահատական տրվի պաշտոնյայի գործողություններին։ Սոցցանցային գրառումներն էթիկայի վարքականոնների տիրույթում են»,- ի պատասխան մեր հարցման՝ ասել էր քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Երեկվա դրությամբ հայտնի չէր՝ արդյո՞ք այս անգամ էլ Աջափնյակի ղեկավար Գևորգ Բաբայանն իր տեղակալին չի ազատի աշխատանքից, ինչպես նախկինում, երբ անձամբ իրեն Մանուկյանը որակել էր՝ որպես «անթասիբ և անինքնասեր ղեկավար»։

Հիշեցնենք, որ նույն Արամ Մանուկյանը 2018թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ակցիայի ակտիվ մասնակիցներից էր: Իսկ ակցիան, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության համակիրների կողմից էր կազմակերպվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս