Վլադիմիր Զելենսկին հայտարարվեց Ուկրաինայի ընտրված նախագահ
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 73,22 տոկոսը եւ ընտրվել ուկրաինական պետության նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտարարել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ապրիլի 30-ին ընթերցել է ԿԸՀ-ի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը՝ Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները հայտարարելու ժամանակ:
Ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումը համարվում է «Գոլոս Ուկրաինի» եւ «Ուրյադովի կուրիեր» թերթերում դրանց հրապարակումը, ինչը պետք է տեղի ունենա հինգ օրվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ մայիսի 4-ը ներառյալ: Գերագույն ռադայի 2005 թվականի սեպտեմբերի որոշման համաձայն, Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության նիստի անցկացման օրը որոշվում է Ուկրաինայի խորհրդարանի որոշմամբ՝ Գերագույն ռադայի նախագահի ներկայացմամբ:
Նորընտիր նախագահը պաշտոնն ստանձնում է ոչ ուշ, քան արդյունքների պաշտոնական հայտարարումից 30 օր անց, այսինքն՝ նրա պաշտոնակալության արարողությունը պետք է կայանա 2019 թվականի հունիսի 3-ից ոչ ուշ: Նա պետք է ուկրաինացի ժողովրդին երդում տա Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: