«Ադրբեջանի կողմից միտում կա Արցախում միջազգային ներդրողների նկատմամբ քաղաքական և իրավական ճնշումներ գործադրելու»

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց Արցախում մարդու իրավունքներին առնչվող հարցերը միջազգային կառույցներում հայաստանցի պատգամավորների օգնությամբ բարձրացնելու համար միասնական օրակարգ ձևավորելու հարցը:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշեց, որ օրակարգային հարց է Արցախի քաղհասարակության կարողությունների և ռեսուրսների հարցը, քանի որ Արցախը` չճանաչված լինելու պատճառով, մեկուսացված է մնում, ինչը բացասական է ազդում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության խնդրի վրա:

Ըստ նրա՝ հայաստանյան քաղհասարակության ինստիտուտները շահագրգիռ չեն արցախյան քաղհասարակության կառույցների հետ ակտիվ աշխատելու, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես չեն աշխատում Արցախում, թեև դրանք քաղաքական կառույցներ չեն:

«Ադրբեջանի կողմից միտում կա Արցախում միջազգային ներդրողների նկատմամբ քաղաքական և իրավական ճնշումներ գործադրելու: Նման դեպքեր եղել են չեխական, իտալական, ռուսական ընկերությունների հետ: Նաև հայազգի Վարդան Սերմաքեշի հայտնի դեպքը, երբ ադրբեջանական իշխանությունները նրա նկատմամբ քրեական հետախուզում սկսելու մասին են հայտարարել: Այս ամենը խանգարում է Արցախում իրավունքների պաշտպանության և զարգացման հարցերում: Ձեր հանձնաժողովն այս մասով անելիք ունի, միջազգային ատյաններում սրանք պետք է ներկայացնել»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց որ 2007թ. ԵԽ-ն բանաձև է ընդունել` կոչ անելով եվրոպական բոլոր ինստիտուտներին` կապեր հաստատել չճանաչված պետությունների քաղհասարակությունների հետ և սկսել աշխատել: «Ինչո՞ւ չեն կատարում իրենց իսկ ընդունած բանաձևը»,- հարցադրում արեց Ն.Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենք պետք է միջազգային հարթակներում հետամուտ լինեն այդ և այլ հարցերում:

Տեսանյութեր

Լրահոս