Բարդ հարցերը շրջանցելու մաստեր-կլաս՝ վարչապետից

168.amն արդեն իսկ գրել էր  այն մասին, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի մասնագիտական ստաժը սահմանափակվում է դիջեյի ստաժով (կառավարության աշխատակազմի ղեկավար 29-ամյա Էդուարդ Աղաջանյանին մինչև նշանակումը քաղաքում շատերը ճանաչում էին որպես Էդո` դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երևանի ժամանցի կենտրոններում՝ փաբերում)։

Այսօր լրագրողները փորձեցին վարչապետ Փաշինյանից պարզաբանում ստանալ այդ փաստի վերաբերյալ, սակայն վերջինս անընդհատ հարցի բովանդակությունը թեքում էր իրեն հարմար ուղղությամբ և այդպես էլ չպատասխանեց, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում պետական որևէ պաշտոն չզբաղեցրած, ընդամենը դիջեյ աշխատած երիտասարդը զբաղեցնում է պետական բարձրագույն պաշտոն, և ըստ վարչապետի, հաջողում իր պաշտոնում։

Ներկայացնենք վարչապետ-լրագրողներ հարցուպատասխանից մի հատված։

Լրագրող- Գարիկ Սարգսյանից գո՞հ եք, Էդուարդ Աղաջանյանից գո՞հ եք։

Վարչապետ – Իսկ ինչի՞ պետք ա Էդուարդ Աղաջանյանից դժգոհ լինեմ, կարո՞ղ եք բացատրել։

Լրագրող- Չէ, աշխատանքային ստաժի մասով։ Եթե չեմ սխալվում, դիջեյ էր փաբում։

Վարչապետ- Դիջեյ լինելը ամո՞թ ա։

Լրագրող- Չէ, ես հարցնում եմ աշխատանքային ստաժը…

Վարչապետ- Մոնակոյի համալսարանն ա ավարտել Էդուարդ Աղաջանյանը։

Ահա այսպես։ Ընդ որում, լրագրողի հետաքրքրության շրջանակը զուտ օրենսդրական էր. արդյո՞ք Էդուարդ Աղաջանյանի պետական աշխատանքի ստաժը բավարար էր նրան Կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու համար, և արդյո՞ք այդ նշանակմամբ օրենք չի խախտվել։ Բայց, ինչպես տեսնում ենք, վարչապետը համառորեն չանդրադարձավ այդ հարցին։

Ինչ վերաբերում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, վարչապետ Փաշինյանը համարում է, որ նա ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, ապա 20 000 ձայն հավաքած թեկնածու…. Բայց բանն այն է, որ այդ 20 000 ձայնը վարչապետ Փաշինյանը, էէէէէ, չէ, Գարիկ Սարգսյանը ստացել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, թե չէ, եթե բան չի փոխվել, մարզպետի պաշտոնը մեր երկրում դեռ նշանակովի, այլ ոչ թե ընտրովի պաշտոն է։

«Ի՞նչ են արել այդ մարդիկ… Եթե բան են արել, կտանենք կդատենք…»,- որպես հարցի լուծման ճանապարհ՝ նշում է վարչապետը՝ թերևս մոռանալով, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը, պարտադիր չէ, որ հանցանք կատարի, որպեսզի նրան աշխատանքից ազատեն։ Իրականում աշխատանքից ազատելու ամենահավանական ու առաջնային տարբերակն իր զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելն է, երբ, ասենք, մարզպետը հեկտարն ու կաթիլային ոռոգման տարածքներն իրարից չի տարբերում, մարզը սարքում է չստացված կոկորդիլոսաբուծարան, ողջ մարզպետարանը, մարզի դպրոցներ, հիվանդանոցներ ու հնարավոր այլ աշխատատեղեր զբաղեցնում է իր մտերիմներով, երբ ակնհայտորեն ստում է վարչապետի առջև՝ ասելով, որ բողոքավոր դպրոցի նշանակումներն իր հետ կապ չունեն, հետո ընդունում է, որ հավանական նշանակվողներից մեկն իր մորաքրոջ հարսն է, երբ վարչապետին փոխանցած քաղաքացու նամակը կողքից գաղտագողի կարդում է… Ցանկը կարելի է երկար շարունակել, բայց սրանք մանրուքներ են, քանի որ աշխատանքից ազատվելու համար Գարիկ Սարգսյանը պետք է հանցանք գործի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս