ՊՎԾ պետի տեղակալը՝ Վլադիմիր Գասպարյանի սանիկը լինել-չլինելու և իր ունեցվածքի մասին
Պետաական վերահսկողական ծառայության տեղակալ Արգիշտի Քարամյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ինքը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է, ասաց՝ ինքը չի ամաչում քավոր-սանիկական, ազգակցական, ընկերական և այլ կապերից և թաքցնելու որևէ առիթ չի ունեցել և բարոյական էլ չի համարում նմանատիպ կապերը թաքցնելը։
«Ինքս փոխադարձ հարգանքի հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն որևէ քավոր-սանիկակական կապ չկա, եթե նման հարաբերություններ ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի։ Ես աշխատել եմ Ոստիկանությունում՝ Քննչական կոմիտեում, Դատախազության տարբեր մարմիններում, և շփումը Վլադիմիր Գասպարյանի հետ այդ մակարդակում է եղել»,- ասաց Ա. Քարամյանը։
Հարցին՝ պարտրաստվո՞ւմ է զբաղեցնել ՊՎԾ պետի պաշտոնը, Արգիշտի Քարամյանը պատասխանեց, որ բարձր է գնահատում Դավիթ Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, և նա այս պահին շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավար։
«Մենք՝ աշխատակիցներով, մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը հետ կվերադառնա և կղեկավարի այդ կառույցը, հետևաբար՝ այդ համատեքստում որևէ բան չունեմ ասելու։ Ծանոթ չեմ գործի նյութերին, բայց կուզեի այս հարցին հետևյալ պատասխանը տալ։ Կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին, բայց նա բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության և անաչառության տեսանկյունից բացառիկ մարդ է։ Ժամանակավոր պաշտոնակատարը դեռևս ես չեմ, չեմ բացառում, որ վարչապետն ինձ ժամանակավոր պաշտոնակատար նշանակի»,- ասաց ՊՎԾ պետի տեղակալը։
Հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Էդուարդ Աղաջանյանի հետ, Արգիշտի Քարամյանը պատասխանեց, որ նրան չի ճանաչում։
Հաջորդ հարցին՝ որտեղի՞ց նրան 32 մլն դրամ և 46 հազար դոլար, Արգիշտի Քարամյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ զուտ էթիկայի տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը։ Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ կոռուպցիայի մեջ չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել, կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»,- շեշտեց նա։
Նա դժվարացավ ասել՝ ԱԱԾ-ում ստուգումներ կլինե՞ն, թե՞ ոչ։
Զվարթ Խաչատրյան