«Ժամանակին հարցաքննվել, դատվել ու դուրս եմ եկել». Սասուն Միքայելյանը՝ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում «Նոր Հայաստանում» չի հարցաքննվել
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում չանդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, նկատեց՝ պարտադիր չէ, որ որևէ իշխանություն անդրադառնա ցեղասպանության թեմային, քանի որ «մեկ դար անց էլ հայ ազգի պարտականությունն է՝ լինել հետևողական»։
«Մենք պետք է միշտ համախմբված լինենք, կարողանանք համախմբվել մեր իշխանության, պետականության շուրջ, որպեսզի հետագայում այդ կարգի բաներ չկրկնվեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Մենք պետք է կարողանանք նաև հետևողական լինել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչեն ամբողջ աշխարհում, նաև՝ Թուրքիայում»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը պետք է գնան քայլ առ քայլ և «տարբեր հայտարարություններով և այլ բաներով չպետք է խճճվեն, կարևորը՝ գործը նորմալ առաջ գնա»։
«Լինելով ԵԿՄ նախագահ, պետք է համախմբված լինենք, համալրենք մեր շարքերը, թե՛ ԵԿՄ-ն, թե՛ մեր ընդհանուր ազգը պետք է համախմբված լինի։ Եվ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, որը տեղի ունեցավ, էլի ազգը կանգնեց ոտքի և համախմբված առաջ տարավ։ Վերջիվերջո, ազգը հասկացավ, որ իշխանափոխություն է պետք»,- շեշտեց ԵԿՄ նախագահը։
Նա նաև տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 550 հոգի արդեն դիմում են գրել ԵԿՄ-ի շարքերը համալրելու համար։
«Նրանք իրենց կամքով են գրել, բա հո չէի՞ ստիպի, նման բաները վերացել է, ժողովուրդ։ Այսօր ԵԿՄ-ում ուրիշ մթնոլորտ ու հոգեբանություն է տիրում։ Ես հայտարարել եմ, որ պատերազմի մասնակցած մարդն ազատ պետք է մտնի ԵԿՄ, դուրս գա, դա իր տունն է, ընտանիքը։ Այն որևէ մեկը չի սարքել, ձևավորվել է արյան, կյանքի գնով։ Միշտ ասել եմ, որ մենք մեր զոհված եղբայրների կենդանի հոգիներն ենք և նրանց գործը պետք է շարունակենք»,- նշեց Ս. Միքայելյանը։
Հարցին՝ իր ընտրվելուց հետո ԵԿՄ-ից հեռացողներ եղե՞լ են, նա պատասխանեց. «Կուրսի չեմ»։
Հաջորդ հարցին՝ հարցաքննվե՞լ է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, Սասուն Միքայելյանը բացասական պատասխան տվեց.
«Ժամանակին հարցաքննվել, դատվել ու դուրս եմ եկել, այդպես էլ չեմ հասկացել, թե ինչու եմ 3,5 տարի նստել»:
Զվարթ Խաչատրյան