Բաժիններ՝

Զեկույց․ «Թուրքիայում 6 տարում աշխատանքի պատճառով 365 երեխա է զոհվել»

Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող  երեխաների տոնի առթիվ զեկույց է հրապարակվել երեխաների իրավունքների ոտնահարման մասին։ Զեկույցի հեղինակը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Թեքին Բինգյոլն է։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիայում աշխատանքի պատճառով ոտնահարվում են երեխաների այնպիսի հիմնարար իրավունքները, ինչպիսիք են ապրելու և սովորելու իրավունքը։

Շուրջ կես միլիոն երեխա պարբերաբար ներգրավվում է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներում, ավելին, Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների երեխաները նույնպես սկսել են աշխատել գյուղատնտեսության ոլորտում։

Թուրք ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ աշխատող երեխաների թիվը երկրում արագորեն սկսել է աճել հատկապես «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP)՝ իշխանության գալուց հետո։ Թուրքիայում ներկայումս շուրջ 22․9 մլն անչափահաս է բնակվում, որոնցից ավելի քան միլիոնը ներգրավված է տարբեր աշխատանքներում։ Ընդ որում, աշխատող երեխաների 80 տոկոսը գրանցված չեն գործատուի կողմից։

Վերջին 6 տարվաիների ընթացքում աշխատանքի պատճառով զոհվել է 365 երեխա, որոնցից 16-ը՝ 2019թ․ առաջին 3 ամիսների ընթացքում։ Յուրաքանչյուր 6 օրվա ընթացքում Թուրքիայում 1 երեխա է զոհվում արդյունաբերական վթարներից։ Ըստ վիճակագրության՝ նմանատիպ վթարների պատճառով զոհվող յուրաքանչյուր 20 աշխատողից մեկը երեխա է։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև կրթության վիճակին։ Արձանագրվել է, որ 2017/2018 ուսումնական տարում տարրական դպրոցում (1-4-րդ դասարան) կրթություն ստացող երեխաները կազմել են տվյալ տարիքային խմբի երեխաների 91․5 տոկոսը, միջին դպրոցում (5-8-րդ դասարան)՝ 94․4 տոկոսը, իսկ ավագ դպրոցում (9-12-րդ դասարան)՝ 83․5 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում տարրական և միջին դպրոցական տարիքի շուրջ 750․000, իսկ ավագ դպրոցի ավելի քան 1 մլն երեխա դպրոց չի հաճախում։

Բինգյոլն անդրադարձել է նաև երեխաների սեռական շահագործման հիմնախնդրին՝ նշելով, որ Թուրքիան աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների թվով։ Վերջին 10 տարվա ընթացքում երկրում 700 անգամ ավելացել են երեխաների դեմ սեռական ոտնձգությունների առթիվ հարուցվող քրեական գործերը։

Բացի այդ, Թուրքիայում աղջիկների 26 տոկոսը ամուսնանում է մինչև 18 տարեկանը, իսկ 10 տոկոսը մինչև չափահաս դառնալն արդեն երեխա է ունենում։ Վերջին 10 տարում այս երկրում 482․908 անչափահաս աղջիկ է ամուսնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս