«Ամբողջ Երևանում` հյուսիսից հարավ, արևելքեց արևմուտք, վերևից ներքև, աջից ձախ, աղբ է». Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է ներկա գտնվել ավագանու նիստերին
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ներկա էին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը:
Նրանք նիստին եկել էին օրակարգում առկա որոշ հարցերի ծանոթանալու համար:
Անդրադառնալով Երևանում առկա աղբի ճգնաժամին` Զոհրաբյանը նշեց, որ ամբողջ Երևանում` հյուսիսից հարավ, արևելքեց արևմուտք, վերևից ներքև, աջից ձախ, աղբ է:
«Ես եկել եմ` հասկանալու, թե Երևանի ավագանին ինչպես է պատրաստվում կարգավորել քաղաքում առկա աղբի վերաբերյալ խնդիրը, ինչ լուծումներ են առաջարկվելու»,- ընդգծեց պատգամավորը և հավելեց, որ պատրաստվում է պարբերաբար ներկա գտնվել Երևան քաղաքի ավագանու այն նիստերին, որտեղ, իր կարծիքով, օրակարգում կենսական կարևորություն ունեցող հարցեր կլինեն:
Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք եկել են ավագանու նիստին մասնակցելու, քանի որ մտահոգված են Երևանի հարցերով: «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ քայլեր են արվում նախընտրական խոստումներն իրականացնելու համար: Երևանցին պետք է շատ արագ զգա փոփոխություններ, այն, ինչ ասվել է, պետք է հետամուտ լինենք, որպեսզի իրականություն դառնա»,- նշեց Մելքումյանը: Նրա խոսքով` իրենք հետամուտ կլինեն ամենակարևոր հարցերից մեկին` աղբահանության խնդրի արագ լուծմանը: