«Եթե իշխանությունը հավակնություն չունի սուպերվարչապետական համակարգի նկատմամբ՝ պետք է արմատապես փոխի Սահմանադրությունը». Արա Պապյան

Երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը կամ, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում՝ Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումը» պետք է անպայման փոխվի։ Եվ այստեղ խոսքն ամբողջական, արմատական փոփոխության մասին է։ Այս մասին այսօր լրագրողների հետ  հանդիպմանը նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով հեղափոխական իշխանությունների կառավարման մեկ տարվան և հեղափոխության ընթացքում տրված խոստումներին։

Ըստ նրա՝ այսօր հասարակության մեջ արդեն պետք է սկսվեին քննարկումներ, թե կառավարման խորհրդարանական ձևը որքանո՞վ է հարիր Հայաստանին, քանի որ բոլորին էլ հայտնի է, թե նախկինում ինչ նպատակով է փոխվել ՀՀ Սահմանադրությունը և ասպարեզ եկել սուպերվարչապետական համակարգը։

Ուստի, ըստ նրա՝ եթե ներկայիս իշխանությունները նման հավակնություններ չունեն, պետք է արմատապես փոխեն Սահմանադրությունը։

«Որ ասում են՝ մեզ մոտ գոյություն ունի պառլամենտական համակարգ, կարծում եմ՝ ըստ էության դեռևս այդ համակարգը չկա։ Չկա, որովհետև կուսակցությունները դեռ կայացած չեն, նրանք անձնակենտրոն են, և սա վերաբերում է իշխող կուսակցությանը, քանի որ այնտեղ հիմնական դերակատարը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհավաքեր այնքան ձայն, որքան 2017 թվականի ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ տեղի ունեցած հեղափոխությունը չի եղել կուսակցական, այն եղել է համաժողովրդական ընդվզում, որը դժգոհ էր նախորդ կառավարման համակարգից»,- շեշտեց Ա. Պապյանը։

Քաղաքագետի խոսքով՝ պետք է վերանայվի Ընտրական օրենսգիրքը, քանի որ  ներկայիս խորհրդարանը ձևավորվել է բազմիցս քննադատված ռեյտինգային համակարգի վրա, որը հարմարեցված էր իշխանության համար։

Փոփոխության է ենթակա նաև «Կուսակցությունների մասին» օրենքը և մի շարք այլ օրենքներ։

«Եթե հեղափոխություն է, ապա առաջին հերթին՝ պետք է փոխվի քաղաքական հենքը։ Իհարկե, ծառատունկը, շաբաթօրյակը շատ լավ է, բայց դա պետության գործը չէ, քանի որ դրանով զբաղվում են գյուղապետարանները, թաղապետարանները, իսկ պետությունը պետք է զբաղվի արմատական քաղաքական փոփոխություններով, որը պետք է ածանցվի նաև տնտեսությանը։ Մեզ մոտ այն տնտեսական վիճակը, որը ստեղծվել է նախկինում՝ հետևանք է քաղաքական որոշման, և այդ առումով փորձեր արվում են տնտեսական դաշտն ավելի մրցունակ դարձնելու համար, բայց սա բավարար չէ։ Ասում են, որ այսօր բոլորն իրավունք ունեն ապրանքներ ներմուծել, բայց քանի որ կա կայացած համակարգ, և նորերը հների հետ չեն կարող մրցել, ստացվում է, որ հներին առավելություններ տալիս են։ Ուստի պետք է իշխանությունները ստեղծեն իրենց խոստացած անցումային արդարությունը»,- ընդգծեց քաղաքագետը։

Նա նաև նկատեց, որ այս մեկ տարվա ընթացքում կան դրական փոփոխություններ, որոնք ավելի շատ հոգեբանական և որոշ նախադրյալների ստեղծման ոլորտում են, սակայն, եթե դրանք համեմատում են իշխանության տված խոստումների հետ, ապա դրանք իրականացվում են ոչ բավարար արագությամբ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս