
Իմպիչմենտն այս պահին միակ օրակարգն է, որը չի թելադրում Նիկոլը․ Ես մասնակցելու եմ ԱԺ լսումներին․ Նաիրա Զոհրաբյան

Քիչ անց խորհրդարանում կմեկնարկեն «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները՝ վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով։
Լսումներին նախորդել են քաղաքական կոնսուլտացիաներ։ Ի դեպ, լրատվամիջոցների հետ զրույցներում խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը ևս նշել է այս լսումներին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։
Լսումների ժամին խորհրդարանի առջև նախատեսվում է նաև հանրահավաք՝ ցույց տալու, որ ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալու, եթե խորհրդարանում ընդդիմությունը գործի։
Հանրային, քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168․am-ի հետ զրույցում ասաց՝ անպայմանորեն մասնակցելու է թե՛ լսումներին, թե՛ հանրահավաքին։
«Ասել, որ ես մեծ սպասումներ ունեմ, թե այս լսումները և այս օրակարգը կվերափոխվի այն շարժմանը, ինչին մենք բոլորս սպասում ենք պատերազմից հետո, ազնիվ չի լինի,- նշեց Նաիրա Զոհրաբյանը և հստակեցրեց, թե ինչո՞ւ չունի այդ ակնկալիքները,- Ինչո՞ւ, որովհետև, ցավոք սրտի, ընդդիմադիր ճամբարի տարբեր թևեր չեն կարողանում հասկանալ շատ պարզ ճշմարտություն, որ այն, ինչ որ այսօր անում է այս ռեժիմը և նրա պարագլուխը, չի անում նրա համար, որ 2026 թվականի հերթական ընտրություններով իրենց իշխանություն հանձնի։
Եթե ինչ-որ ընդդիմադիր ուժերի թվում է, թե Նիկոլը իդիոտ է, կամ՝ չի հասկանում, թե ինչ է անում, չի հասկանում հանցագործությունների բեռը, որն ինքը շալակում է իր ուսերին, իրենք խորապես սխալվում են․ Փաշինյանն այդ ամեն ինչը հասկանում է, հասկանալով անելու է ամեն ինչ՝ ընտրական փուլով իշխանություն չհանձնելու համար։ Ու քանի դեռ մեր որոշ ընդդիմադիր ուժեր ինչ-որ պահանջներ են ձևակերպում՝ դուրսը այսքան մարդ գեներացրեք,․․․ մի հատ շամպանսկի բերեք, որ մենք հասկանանք այս հարցի կարևորությունը և գանք, ցավոք սրտի, ունենալու ենք այսպիսի հատվածական իրավիճակ ընդդիմադիր դաշտում։ Իսկ սա բացառապես ձեռնտու է էս գործող իշխանությանը»։
Քաղաքական գործիչը, սակայն, պնդեց նաև, որ ցանկացած հնարավորություն պիտի փորձել։
«Իսկ իմպիչմենտը, թերևս, ամենակարևորն է այդ քայլերից, քանի որ ամենալեգիտիմ և այս պահին միակ օրակարգն է, որը չի թելադրում Նիկոլը, մնացած բոլոր օրակարգերը, որին պոստ-ֆակտում արձագանքում է ընդդիմությունը, դրանք նիկոլական օրակարգեր են»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։