«ԱԱԾ-ում չեմ հիշում որևէ կոռուպցիոն բացահայտում, ի՞նչ է, ԱԱԾ-ում որևէ կոռուպցիա չի՞ եղել». Դանիել Իոաննիսյանը՝ Դավիթ Սանասարյանի քրեական գործի մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և այդ գործի շրջանակներում ծավալվող հանրային քննարկումներին։
«Հայաստանում կան օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող շատ մարմիններ, դրանց թվին կարելի է դասել Պետական վերահսկողական ծառայությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը և այլն։ Այս բոլորից միայն մեկ մարմինը, որի ղեկավարը հեղափոխական է՝ ՊՎԾ-ն է։ Այսինքն՝ ԱԱԾ-ի ղեկավար Արթուր Վանեցյանը, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՔԾի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Դատախազության, Քննչական կոմիտեի ղեկավարները, նրանք բոլորը տարիներ շարունակ եղել են մի համակարգում, որը կոռումպացված և կոռուպցիա սպասարկող համակարգ է եղել։ Ամենայն հարգանքով այդ անձանց նկատմամբ, եկեք արձանագրենք, որ այդ մարդիկ եղել են ինչ-որ առումով կոռուպցիոն համակարգի մաս»,- ասել է Դ. Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող միակ մարմինը ղեկավարվել է անձի կողմից, որը տարիներ շարունակ՝ առնվազն 2007 թվականից, պայքարել է կոռուպցիայի դեմ փողոցում և կյանքի մի մասը նվիրել է «փտած» կոռումպացված համակարգի դեմ պայքարին՝ դա ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն է։
«Իհարկե, ես հիմա չեմ պնդում, թե Դավիթ Սանասարյանն անմեղ է, որ նա անկախ ամեն ինչից՝ չպետք է քրեական հետապնդման չենթարկվի, եթե նա հանցագործություն է կատարել, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության խստագույնս, որովհետև «Նոր Հայաստանում» կոռուպցիա չպետք է լինի։ Որովհետև 1 մլն մարդ մեկ տարի առաջ այս օրերին փողոց էր փակում, որ այս երկրում այլևս կոռուպցիա չլինի։ Բայց այս առումով բավականին լուրջ կասկածներ ունեմ, և շատ հանգամանքներ կան, որոնք ստիպում են մի քանի հարցեր բարձրացնել։
Ինչպե՞ս եղավ, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձը կալանավորումից ազատվեց, և խափանման միջոցը փոխվեց։ Ինչպե՞ս եղավ, որ այսպիսի բարձրաստիճան պաշտոնատար անձի դեմ քրեական գործը վարում է ոչ թե այն մարմինը, որը ստեղծված է բարձրաստիճան անձանց դեմ քրեական գործեր վարելու համար՝ ՀՔԾ-ն, այլ ԱԱԾ-ն, որն ուրիշ ֆունկցիաներ պետք է ունենա։ Ընդ որում, սա նաև հակառակ Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության է տեղի ունենում։
Ինչպե՞ս եղավ, որ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն այս գործով ասում էր, որ եղել է ծանր հետևանքներ, և 308 հոդվածի 2-րդ մասով էր գործը հարուցել, իսկ Դավթին մեղադրանք են առաջադրել 308 հոդվածի 1-ին մասով, ինչը նշանակում է, որ հնարավոր հանցագործությունը ծանր հետևանքներ չի ունեցել»,- նշել է Դանիել Իոաննիսյանը։
Ըստ նրա՝ այս ամենը հաշվի առնելով՝ ստացվում է, որ ԱԱԾ-ի երկու ամիս առաջ արած հայտարարությունները, փաստորեն, ԱԱԾ-ն ինքն է հերքում։ Ավելին, նրա խոսքով՝ այստեղ կան հարցեր, որոնց հիման վրա կարելի է մտածել, որ կոռուպցիոն համակարգը, որը հեղափոխականները փորձում են արմատախիլ անել, դիմադրություն է ցույց տալիս։
«Հիմա ես չեմ ուզում ասել, որ դա կոնկրետ Արթուր Վանեցյանն է կամ Պողոս Պողոսյանն է, բայց ինձ մոտ էական կասկածներ կան, որ կոռուպցիոն համակարգը դիմադրություն է ցույց տալիս։ Որովհետև ԱԱԾ-ն իմ հիշողության մեջ միակ իրավապահ մարմինն է, որում կոռուպցիոն բացահայտումներ չեղան հեղափոխությունից հետո։
ՊԵԿ-ում եղավ, ամենաշատը ոստիկանությունն իր միջից կոռուպցիոն դեպքեր բացահայտեց, ՀՔԾ-ն, եթե չեմ սխալվում՝ նաև Քննչական կոմիտեն, բոլորն իրենք իրենց միջից կոռուպցիային հանում էին։ ԱԱԾ-ում չեմ հիշում որևէ կոռուպցիոն բացահայտում։ Ի՞նչ է, ԱԱԾ-ում որևէ կոռուպցիա չի՞ եղել, մանր, մեծ, ամենակոռումպացված համակարգն է եղել»,- հավելեց նա։
Նա նաև կոչ արեց այս հարցը քննարկելիս «ռադ անել քոչարյանական և ադեկվատ ֆեյքերին», քանի որ նրանք այս հարցում ընդհանրապես գործ չունեն։
«Կարծում եմ՝ նրանց գործունեության դեմ մենք պայքարելու ենք բոլորով միասին, անգամ նրանց դեմ հին կոռումպացված սիստեմը որոշակի պայքար դրսևորելու է»,- եզրափակեց է նա։
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
Կոռուպցիայի ու Սանասարյանի մասին
Gepostet von Daniel Ioannisyan am Freitag, 19. April 2019
Զվարթ Խաչատրյան