Բաժիններ՝

Թրամփն արտասահմանյան հյուրերից առաջինը կայցելի Ճապոնիայի նոր կայսրին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցով Ճապոնիայում կգտնվի մայիսի 25-ից 28-ը: Այդ մասին հայտնել է The Mainichi-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարը կդառնա առաջին օտարերկրյա հյուրը, որը հանդիպում կունենա գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի հետ նրա գահակալումից հետո, որը տեղի կունենա մայիսի 1-ին:

Սպիտակ տունը նույնպես հայտնել է առաջիկա այցի մասին: «Պետական այցը կամրապնդի սերտ կապերը ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ժողովորդների միջեւ եւ կցուցադրի մեր դաշինքի ու գործընկերության կարեւորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը նաեւ հաստատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Վաշինգտոն առաջիկա այցի վերաբերյալ հաղորդումները:

«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ու տիկին Ակիե Աբեին Սպիտակ տանը կընդունեն 2019 թվականի ապրիլի 26-27-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ Աբեն եւ Թրամփը կհավաստեն միջազգային հանրակցոթյան կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներն ամբողջությամբ կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի Փհենյանին ստիպեն իրականացնելու լիակատար միջուկազերծում:

Նախատեսվում է, որ Ճապոնիայի վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահը կքննարկեն երկու երկրների առեւտրական հարաբերությունները, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս