Բաժիններ՝

«Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկական էր 2012 թվականին Նեապոլի վիճակը». Հայկ Մարությանը՝ աղբահանության մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք աղբահանության վիճակը Երևանում կրիտիկական է, քանի որ դրա հետ կապված կան բազմաթիվ ահազանգեր։

Հայկ Մարությանը նշեց, որ վիճակը կրիտակական չէ՝ կատակելով. «Կրիտիկական էր 2012 թվականին Նեապոլի վիճակը, այս նիստից հետո եթե թույլ տաք՝ նկարները կուղարկեմ, կտեսնեք, մինչև կրիտիկականը մենք դեռ երկար ճանապարհ ունենք, և հուսամ՝ չենք հասնի այնտեղ։ Սակայն այն վիճակը, որը ստեղծվել է, շատ օբյեկտիվ է, և մենք հայտնվել ենք այս իրավիճակում, այսինքն՝ աղբահանության համար ի սկզբանե եղել է մեկ ընկերություն, այլ ոչ թե երկուսը, ինչպես որ նախատեսված էր։ «ՍանիՏեքի» մեքենաները շատ վատ են աշխատում, եթե դրանք դուրս են գալիս աշխատանքի, 15-20 րոպե հետո կանգնում են»։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ հետաքրքրվեց, թե քաղաքապետարանը նոր օպերատորի համար ե՞րբ է հայտարարելու նոր մրցույթ, ինչին ի պատասխան՝ քաղաքապետը տեղեկացրեց, որ նոր մրցույթ հայտարարելու համար պետք է «ՍանիՏեք» ընկերության հետ խզեն կնքած պայմանագիրը և առաջնորդվեն ճիշտ ընթացակարգով:

Ըստ վարչապետի՝ աղբահանության հետ կապված խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ փաստացի ընտրվել է մեկ օպերատոր։

«Եթե մենք ունենայինք երկրորդ օպերատորը, և նրանցից մեկը պրոբլեմ ունենար, մյուսին կխնդրեր քաղաքի այս կամ այն հատվածում իրականացնել որոշակի գործառույթներ։ Այն ժամանակ, երբ մամուլում շատ լայն քննարկվում էր, թե այս ի՞նչ կազմակերպություն է, ի՞նչ գործարք է, և այլն, հիմա մենք տեսնում եք, թե դա ինչ գործարք է և ինչ կազմակերպություն է։ Հիմա այն մարդիկ, որոնք կանգնած են եղել այդ մրցույթի անցկացման հիմքում, այսօր սոցիալական ցանցերում փոթորիկներ են առաջացնում, թե՝ այս ի՞նչ է, ինչո՞ւ հարցը լուծված չէ։ Հարցը լուծված չէ, որովհետև հազար ձևի արիշ-վերիշներ եք ունեցել, և պետք է խորանալ այդ արիշ-վերիշների մեջ, բոլորը բացահայտել և դնել սեղանին»,- շեշտեց վարչապետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս