«Նոր Հայաստանի» պատմության մեջ գուցե առաջին դեպքն է, երբ պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է ձեռք բերվել». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը Կառավարության շենքի մոտ հանդես եկավ կարևոր հայտարաությամբ՝ կապված Կառավարության այսօրվա նիստում ներառված հարցերից մեկի հետ, որը վերաբերում է աղբահանությանը և դրա հետ կապված խնդիրներին։
Ըստ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի՝
Կառավարության այսօրվա նիստում ներառված օրակարգային այդ հարցն ուղղակի կապ ունի Երևանի քաղաքապետարանի գործունեության հետ։
«Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից քաղաքապետարանը բանակցում է «Սանիտեկի» հետ, անընդհատ ասում են, որ պետք է գտնենք լուծումներ՝ աղբահանության ճգնաժամից խուսափելու համար։ Եթե հիշում եք՝ ձմռանը եղավ մի շրջան, երբ ակնհայտ դարձավ, որ եթե միջոցներ չձեռնարկեն, ապա թե՛ այս, թե՛ ամռան սեզոնին սպասվում է աղբահանության ճգնաժամ։
Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ այն գնումը, որը հայտարարվում է, թեպետ անհրաժեշտություն է, որովհետև ռեսուրսի սակավությունն ակնհայտ է աղբահանություն իրականացնելիս, բայց այդուհանդերձ այդ գնումն ուղղված էր կոնկրետ մեկ կազմակերպության, որպեսզի կարողանա հաղթել մեկ կազմակերպություն։ Մենք ասում ենք՝ 900 մլն դրամանոց մրցույթը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, և այն պետք է լինի բացարձակ օրինական։
Քաղաքապետրանն այդուհանդերձ տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ հայտարարեց, որով կարող էր հաղթել միայն «Կամազ» մակնիշի մեքենան»,- լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Խաժակյանը։
Նա իր հետ բերել էր նաև խնդրի հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնց վերաբերյալ դիմել էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով փոխել մրցույթի տեխնիկական բնութագրերը։
Սակյան գործընթացները ստացել են այլ բնույթ և գնումների բողոքարկման խորհրդի ներկայացուցիչը կասեցրել է այդ գնումը։
«Այս ամենից հետո քաղաքապետարանին պարտավորեցրեց հայտարարել նոր գնումներ, դրանից հետո ես դիմեցի քաղաքապետին՝ հայտարարելու նոր մրցույթ, որից հետո մենք շատ արագ կունենայինք նոր մեքենաներ։ Սակայն քաղաքապետարանը դիմեց դատարան, որպեսզի բողոքարկի գնումների բողոքարկման խորհրդի որոշումը։
Քաղաքապետարանը շատ լավ հասկանում էր, որ դատարան դիմելիս այդ գործընթացը կարող է շատ երկար տևել, ամիսներ, նույնիսկ տարիներ, բայց դիմեց։ Եվ այսօր քաղաքապետարանը դիմել է Կառավարությանը և այսօրվա նիստի օրակարգում քննարկվելու է այս որոշումը, որով քաղաքապետարանին պետք է հնարավորություն տան մեկ անձի գնում իրականացնել այն դեպքում, երբ այն գտնվում է դատարանում քաղաքապետարանի իսկ կողմից»,- շեշտեց Դ. Խաժակյանը։
Նրա դիտարկմամբ, այսօր աղբահանության վիճակն այնպիսին է, որ չի կարող պնդել, որ գնումներ չկատարեն:
«Այն, որ քաղաքապետարանը հստակ կատարել է գործողություններ, որպեսզի գնումն իրականացնի մեկ կազմակերպությունից, բարձրաձայնում եմ, որ սա «Նոր Հայաստանի» պատմության մեջ գուցե առաջին դեպքն է կամ դեպքերից, երբ պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է ձեռք բերվել»,- հավալեց Դավիթ Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Զվարթ Խաչատրյան