Ենթադրենք՝ ունենք ՆԳ և ԱԱ նախարարներ, ՔՊ 2 անդամ այդ կարգավիճակով է, դրանից Ձեզ ավելի լա՞վ է. Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ նշելով, որ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ կարծում է՝ վարչապետի ձեռքում չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած: Շաքե Իսայանը հետաքրքրվեց՝ մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանը շարունակու՞մ է մնալ նույն կարծիքին:
Ի պատասխան՝ վարչապետը շեշտեց, որ եթե խոսքը Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության մասին է, ապա նախկինում այդ երկուսը եղել են նախարարություններ: «Ենթադրենք՝ այսօր էլ ունենք ներքին գործերի նախարար և ազգային անվտանգության նախարար, և, ասենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամ այդ կարգավիճակով են: Դրանից Ձեզ ավելի լա՞վ է: Հաստատ ավելի լավ չէ: Ես չեմ ասում՝ ավելի վատ է, բայց լավ չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ խորհրդարանական Հայաստանի խորհրդարանն այսօր ամբողջովին չի օգտվում իրեն վերապահված բոլոր լիազորություններից: «Իմ տրամաբանությամբ՝ ԱԺ-ում գոնե 5-6 քննիչ հանձնաժողով պետք է ստեղծված լիներ: Ինչո՞ւ չի ստեղծվում, ե՞ս չեմ թողնում: Հիմա եթե մենք վարչապետի լիազորությունները վերցնում ենք, դնում ենք մի ուրիշ տեղ, և դրանք չեն օգտագործվում, դրանով լա՞վ է: Նկատի ունեմ՝ այդ լիազորությունները պետք է կիրառող լինի»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարը նկատեց՝ ի վերջո, իշխանության հակակշիռների և փոխզսպման մեխանիզմներ պետք է ունենանք, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մարմին պետք է լինի: Նրա խոսքով՝ մինչև այս հարցը չլուծվի, ԱԱԾ-ի ու Ոստիկանության հարցը 5 անգամ պետք է քննարկվի: