Գոռ Հովհաննիսյանը չի հասկանում ՍԴ-ի դատավորի պաշտոնում իրեն չընտրելու պատճառները
Սահմանադրական դատարանի դատավորի արդեն նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չի հասկանում ԱԺ-ի կողմից իրեն չընտրելու պատճառները, քանի որ, իր խոսքով, ՍԴ դատավորի պաշտոնի համար ինքն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել էր և բավարարում էր նախապայմաններին: Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով խորհրդարանի կողմից իրեն չընտրելուն:
«Ես չգիտեմ ինձ դեմ քվեարկելու պատճառները: Ես կարող եմ ասել, որ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, բոլոր նախապայմաններին բավարարում են: Պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանը, ով ամենից շատն էր քննարկում մասնագիտական փորձառության հարցը, հենց իր ձեռքով ընդմիջման ժամանակ հաշվեց ու ստացավ իր ուզած թիվը, այսինքն՝ 15 տարուց ավել ստաժ: Բայց, միևնույն է դրանից հետո հայտարարեց, որ չի բավարարում։ Ես դա չհասկացա: Կարող եմ ասել, որ այդ խնդիրը, որը բարձրացվեց ու այդքան քննարկվեց, արհեստական ու անհիմն էր»,- շարունակեց Գոռ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ իր պատասխաններում հատուկ փորձել է խուսափել քաղաքական գնահատականներից: Հովհաննիսյանը նշեց, որ իր կարգավիճակում քաղաքական գնահատական տալը ամենասխալ բանը կլիներ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարծում է, որ քաղաքական մեծամասնությունն իր թեկնածուն ուներ, դրա համար նա չընտրվեց, Հովհաննիսյանը նշեց` դժվարանում է պատասխանել, բայց նման բան կարդացել է մամուլում: «Բնականաբար խորհրդարանի ցանկացած որոշում քաղաքական որոշում է: Ես գրեթե համոզված եմ, որ գրեթե ոչ ոք կասկած չուներ, որ ես բոլոր պայմանները բավարարում են»,-նշեց նա:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն խոսքին, թե իր ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերը առաջացրել են խառնաշփոթ` Հովհաննիսյանը դա տարօրինակ համարեց: Նրա կարծիքով` իր տվյալների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելը ոչ թե խառնաշփոթ էին առաջացնում, այլ հակառակը` հստակություն:
Գոռ Հովհաննիսյանը ՀՀ նախագահի կողմից առաջարկվել էր որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: ԱԺ-ն փակ քվեարկությամբ սակայն նրան չընտրեց այդ պաշտոնում: