Բաժիններ՝

«Կամ պետք է ջունգլիների օրենքով բոլորին ազատենք հարկերից, կամ բոլորին պետք է բերեն հարկային բեռի տակ»

«Վերջին 20 տարիների ընթացքում մեր կյանքում ամեն ինչ թանկացել է՝ բացի ընկերներից, մեկ էլ՝ տաքսիից: Տաքսին չի թանկացել, քանի որ լուրջ մրցակցություն կար: Մինչև 2010 թվականը գործել է մոտ 1100 տաքսի ծառայություն, որոնցից մոտ 800-ը եղել են օրինական դաշտում: Դրանց նպաստել էր մարդկանց հնարամտությունը բիզնես ոլորտում և տրանսպորտի բացակայությունը: Մրցակցությունը չէր թողնում, որ մեկ կիլիոմետրի համար 100 դրամի շեմն անցնի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

«Արդեն երրորդ տարին է՝ օրենքը ծալել-դրել են մի կողմ: Վերացրեցին դեղին համարները, բուժզննումը, տեխզննումը, ինչը բերեց քանդման: Այսօր շուկայում դոմինանտ են 2-3  ընկերություն: Ի դեպ, Տրանսպորտի նախարարությունում վերջերս հանրային քննարկում էր կազմակերպվել, օնլայն տաքսիների տերերը հայտարարեցին, որ շուկայում գործող մոտ 60.000 մեքենաներից 55.000-ը իրենց մոտ են աշխատում: Հիմա ուզում եմ հարց տալ. եթե հայտարարում են, որ իրենք տաքսի ծառայություն չեն, ընդամենը պատվեր են փոխանցում, լիցենզիան ու պետությանը ամեն ամիս գումար վճարելն իրենց ընդհանրապես չպետք է հուզի»,- հավելեց Վահագն Սահակյանը:

ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը ողջունեց անհատ տաքսի վարորդներին բոլոր հարկերից ազատելու վարչապետի որոշումը:

«Երբ ասում ենք՝ տաքսու վարորդ, պատկերացնում ենք Երևանում աշխատողներն ու մոռանում ենք շրջաններում աշխատող անհատ տաքսու վարորդներին, ովքեր օրը 500-1000 դրամ գումար կարող են աշխատել: Ես առաջարկում եմ ունենալ երկու տեսակի լիցենզավորում. Մեկը՝ անհատ վարորդների համար, ովքեր հարկատու չեն: Նրանք կարող են ունենալ դեղին համարանիշ, բայց, եթե հարկ չեն վճարում, իրավունք չպետք է ունենան օգտվել տաքսու համար նախատեսված կայանատեղիներից, զանգով պատվերներից: Լիցենզիայի մյուս տեսակը կլինի բարդ ընթացակարգով, լուրջ ստուգումներով: Քանի որ հարկեր են վճարում, ապա կարող են օգտվել տաքսու կանգառներից, ցանկացած տեղից պատվեր ընդունեն: Ամենակարևորը՝ ովքեր հարկատու են, պետք է լինեն հավասար հարկային բեռի տակ: Վերջին կետի բացակայությունը թույլ տվեց, որ մի քանի ընկերություններ երեք տարում տարիներ շարունակ ձևավորված ոլորտը քանդեն ու սարքեն իրենց օրենքներով»,- ընդգծեց Վահագն Սահակյանը:

ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը նշում է՝  եթե կա շուկայական հարաբերություն, ուրեմն պետք է լինի ազատ, հավասար մրցակցություն:

«Այսօր «Յանդեքս» տաքսին իր վերցրած 10 տոկոսի հարկերն է ընդամենը վճարում: Բայց եթե վճարի նույն հարկերը, ինչ-որ, օրինակ, «Անի» տաքսին, ապա ինքը 1 կիլոմետրի համար սահմանած իր գինը չի կարող պահել: Այստեղ խնդիրն այն է՝ կամ պետք է բոլորին ազատենք հարկերից, ասենք, որ ջունգլիների օրենքով վարեք, ինչքան ուզում եք՝ վաստակեք, կամ բոլորին պետք է  բերեն հարկային բեռի տակ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս