«Գյուղացին մնացել է մեն-մենակ, ինքն ու իր գլուխը և հողը». Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը ուրախ լուր ունի՝ ասում է՝ կարծես թե տարին բարեհաջող է գյուղատնտեսության համար:
«Խուսափում ենք ցրտահարություններից: Մի փոքր վտանգ կա ապրիլի վերջին ցրտահարության հետ, բայց, եթե դրանից էլ կարողանանք խուսափել՝ կունենանք պտղի, հատկապես՝ ծիրանի առատ բերք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Անասնագլխաքանակի ներկրման մասով էլ հայտնեց, որ դա սխալ ուղղություն է, տոհմային գործի հիմքում արհեստական սերմնավորումն է, նոր տեխնոլոգիաների մշակումը, որը չի արվում:
Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին՝ նկատեց. «Ոռոգման համակարգի վիճակը վատ չէ, և եթե կարողանան հէկ-երին սանձահարել՝ ջրի խնդիր չենք ունենա: Բայց, կարծում եմ՝ ինչպես միշտ՝ ժամանակը կգա, կգնան Սևանից ջուր կվերցնեն, հեշտ ճանապարհը սովորել են, ու Գյուլնազ տատի հեքիաթը կկրկնվի»:
«Գյուղացին մնացել է մեն-մենակ, ինքն ու իր գլուխը և հողը: Ոչ մի օգնություն, վարկ չեն ստացել: Ասում են՝ պետությունը բանկերին փող է տալիս, բայց ինչո՞ւ, բանկերի՞ն է գյուղացու անվան տակ հարստացնում, թող գյուղացուն տային վարկերը: Հերի՛ք եղավ, էլի, գյուղացու անվան տակ ամեն ինչ անում են. էլ ապահովագրություն, էլ վարկավորում: Այ մարդ, այդ գումարը գյուղացուն տվեք, ի՞նչ եք ուզում նրանցից: Մեր այսօրվա կառավարությանը գյուղատնտեսությունը հետաքրքիր չէ: Թե այս ժողովուրդն ի՞նչ պետք է ուտի, իրենց հետաքրքիր չէ»,- հորդորեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը:
Հրաչ Բերբերյանն անդրադարձավ նաև «Սպայկայում» կատարվող դեպքերին՝ ասելով, որ կատարյալ էին աշխատում:
«Շատ լավ հաշվապահություն ունեն, չեմ կարծում, որ այդ մասշտաբի խախտումներ լինեին: «Սպայկան» կշարունակի աշխատել, և այն, թե մթերում չի անի, և այլն, նման բան չկա, խելոք կաշխատի, մթերումներ կանի, գիտի, տեղը դատարկ չի մնալու»:
Անի Կարապետյան