Բաժիններ՝

«Թթվասերի շուկայում վիճակն ավելի է վատացել»

Հայաստանում շարունակում են թթվասերային մթերքը վաճառել թթվասերի անվան տակ:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի փոխանցմամբ՝ իրենց բազմաթիվ հայտարարություններից հետո թվում էր, թե դրական փոփոխություն է լինելու, հակառակն է եղել:

«Թթվասերի շուկայում վիճակն ավելի է վատացել: Եթե  նախկինում գրում էին թթվասերիկ ու «իկ» մասնիկի վրա փակցնում դրոշմանիշ, հիմա «իկ»-ն էլ չկա: Ես որ խանութ եմ գնում, հետս անպայման ակնոց և խոշորացույց եմ տանում, որպեսզի կարողանամ տարայի վրա եղած մակնշումը կարդալ։ Չեմ խոսում այն մասին, որ փոքր տառերով նաև գրված է, որ կաթնայուղի փոխարեն՝ օգտագործված է բուսայուղ։

Հաճախ նաև թթվասերային մթերք են գրում ու մթերքի վրա  փակցնում են դրոշմանիշը, որի արդյունքում քաղաքացին չի տեսնում, որ դա թթվասեր չէ։

Պետք է այնպիսի տառաչափով գրեն, որ սպառողը գնելուց առաջ կարողանա տեսնել, որ գրված է՝ թթվասերային մթերք, ոչ թե՝ թթվասեր: Արտադրողներից շատերը կաթնային յուղի փոխարեն՝ օգտագործեւմ են բուսական յուղ:  12-13 տեսակ բուսական յուղեր կան. ո՞ր բուսական յուղն են օգտագործել: Էժան բուսական յուղերի խառնուրդ են մեծ մասամբ օգտագործում և ստանում են թթվասերային մթերք, իսկ հասարակ քաղաքացին սա չի կարող տարբերել, որովհետև ընդամենը մեկ տողով ու շատ մանր գրված է, որ կաթնայուղի փոխարեն՝ օգտագործվել է բուսական յուղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայթյանը:

Նշենք, որ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մարտ ամսին կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի  արտադրած «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է  բուսական յուղ:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային միության  «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով:

Այս պահին պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացվում թթվասերի շուկայում:

Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով իրականացված վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել են ևս 4 ապրանքանիշի թթվասերներ, որոնք պարունակում են բուսական յուղ, որոնց մակնշման մեջ, սակայն, այդ մասին նշված չի եղել»,- ապրիլի 6-ին տեղեկացրեցին  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնից:

Դրանք են՝

«Կալինինոյի» (20%)՝ արտադրող՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 25.03.2019),
«Դիետ» (18%)՝ արտադրող՝ «Դիետ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 31.03.2019),
«Մանուկ» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Գագիկ Մանուկյան (արտադրության օրը՝ 30.03.2019),
«Զանգեզուր» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Արման Աղաբեկյան (արտադրության օրը՝ 02.03.2019)

Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նշված արտադրատեսակները ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս