ԼԳԲՏ համայնքը երախտապարտ է Մարիա Կարապետյանին, ԱԱԾ-ն էլ նրանց իր աջակցությունն է հայտնել
Ապրիլի 5-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում «Իրավունքի կողմ» հ/կ ղեկավար, տրանսգենդեր կին ներկայացած Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո չեն դադարում հասարակական հուզումները։
Երեկ անգամ բողոքի ակցիա էր կազմակերպվել խորհրդարանի մոտ, որի մասնակիցները, ի թիվս ԼԳԲՏ (LGBT), Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր) անձանց իրավունքները սահմանափակող օրինագծերի ընդունման պահանջի, պահանջում էին նաև թույլատրել խնկարկել ԱԺ լիագումար նիստերի դահլիճը։
Արդեն մի քանի օր է, այս թեմայի շուրջ բորբոքված կրքերի կիզակետում տրանսգենդեր կնոջն ԱԺ հրավիրած պատգամավորի փնտրտուքն է։
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ով այդ ելույթն ավելի վաղ որակել էր՝ որպես ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք, քանի որ խախտվել էր լսումների օրակարգը, իսկ իրենց օրակարգում եղել են միայն դատաիրավական բարեփոխումների, հաշմանդամների ու երեխաների, այդ թվում՝ մանկատներում ապրող երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները, ակնարկեց, որ տրանսգենդեր կնոջն ԱԺ էր հրավիրել հանձնաժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Վերջինս, սակայն, երեկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել էր. «Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է սահմանել օրակարգի համար: Առանց թեմաների լսումների օրակարգը տեղադրվել է կայքում, հետո լսումներից օրեր առաջ հանվել և հանձնաժողովների անդամներին ուղարկվել է թեմաներով օրակարգ, որը չի հաստատվել հանձնաժողովի անդամների կողմից»։
Ավելի ուշ, տրանսգենդերի ելույթի դեմ բողոքող քաղաքացիների հետ հանդիպման եկած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հավաքվածներին մի փաստաթուղթ ներկայացրեց՝ նշելով, որ այդ փաստաթուղթը ապացույցն է այն բանի, որ Նաիրա Զոհրաբյանն է տրանսգենդեր անձին հրավիրել Խորհրդարան։
168.am-ի հետ զրույցում, սակայն, Նաիրա Զոհրաբյանը կտրականապես հերքել էր Ալեն Սիմոնյանի մեղադրանքները՝ ասելով՝ «Պահանջում եմ, որ նա հրապարակի կոնկրետ «Իրավունքի կողմ» հ/կ-ին ուղարկած իմ հրավիրատոմսը. եթե չհրապարակեց, ապա ստիպված կլինեմ իրավական դաշտում պահանջել այն հրապարակել»։
Ստրասբուրգից ուղիղ միացմամբ Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ մանրամասն ներկայացրեց տեղի ունեցածը։
ԱԺ փոխնախագահն իր ֆեյսբուքյան էջում Զոհրաբյանին ուղղված պատասխան գրառման մեջ, ըստ էության, վերահաստատեց իր՝ ավելի վաղ հայտնած տեսակետը։
Այսօր վերջին օրերի փոխհրաձգություններին ու տրանսգենդեր անձի՝ Աժ ամբիոնից ելույթին անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը, ով մասնավորապես ասաց. «Այդ փաստաթղթերի պատճեններն իմ ձեռքի տակ են, տվել ա Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել ա ցուցակը, և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են»։
Փաշինյանը նաև նշեց. «Առաջինը, երբ որ իմացա տենց բան, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ», ապա կասկածի տակ առավ Ն. Զոհրաբյանի՝ առհասարակ որպես նշված հանձնաժողովի նախագահ պաշտոնավարելու նպատակահարմարությունը։
Թե ով է ճիշտ, ով՝ սխալ, ինչո՞ւ ՀՀ բոլոր քաղաքացիների վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանց լսելու մյուս կողմին, միայն իր թիմակիցների տրամադրած «ապացույցներով» որոշեց՝ ով է մեղավոր, ու քաղաքական գնահատականներ հնչեցրեց, թերևս, ցույց կտա ժամանակը, իսկ մենք կխոսենք փաստերով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան էջում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող ակտիվիստներից մեկը՝ Մաքս Վարժապետյան անունով ներկայացող անձը, շնորհակալություն էր հայտնել վերջինիս իրենց աջակցելու համար՝ մասնավորապես գրելով.
«Մարիա ջան, շատ մեծ շնորհակալություն իմ ու Լիլիթի անունից նման վերաբերմունքի և ժողովրդավարությանը հետամուտ որոշմանդ համար։ Մենք այս երկրի քաղաքացիներն ենք, և նման վերաբերմունքը իմ ու Լիլիթի հանդեպ անընդունելի է»։
Ուշագրավն այն է, որ երեկ ուշ գիշերվա դրությամբ այս մեկնաբանությունը Մարիա Կարապետյանի էջից հեռացված չէր։
Մենք չենք ասում, որ իշխանական պատգամավորն է տրանսգենդեր անձանց հրավիրել ԱԺ, մենք ընդամենը ներկայացնում ենք փաստեր։
Ի դեպ, նույն անձը նաև իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ իրենց հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպել է նաև ԱԱԾ-ն ու տվել անվտանգության երաշխիքներ։