«Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար. տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է…». Մարիա Կարապետյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն անդրադարձավ ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին և ակնարկներին, որ Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել այդ անձնավորությանը:
«Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձաժողովը հստակ թեմաներ է սահմանել օրակարգի համար: Առանց թեմաների լսումների օրակարգը տեղադրվել է կայքում, հետո լսումներից օրեր առաջ հանվել և հանձնաժողովների անդամներին ուղարկվել է թեմաներով օրակարգ, որը չի հաստատվել հանձնաժողովի անդամների կողմից»,- ասաց Մ.Կարապետյանը:
Ըստ նրա՝ տիկին Զոհրաբյանը ստում է, թե հասարակական կազմակերպությունների անդամներին հորդորվել է գրանցվել ելույթների համար, եթե օրակարգի թեմաների շուրջ է իրենց ելույթը: Կարապետյանի խոսքով՝ ինքը միայն մեկ ելույթ էր ծրագրել՝ իրենը, և Զոհրաբյանին խնդրել էր եզրափակիչ ելույթի հնարավորություն տրամադրել իրեն. «Քանի որ նա չգիտի առնչվել ճգնաժամային իրադրությունների հետ և կորցնում է ինքնատիրապետումը, նա այդ ելույթը չտրամադրեց: Ես այդ ելույթը կունենամ հաջորդ նախագծի քննարկման ժամանակ»:
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ, եթե «Իմ քայլը» գալիս էր ԱԺ տրանսգենդերներին ԱԺ ամբիոն տրամադրելու համար, պետք է նախընտրական արշավի ժամանակ ազնիվ լինեին և ասեին ժողովրդին այդ մասին.
«Հասել եք էսօր քաղաքական մեծամասնություն, դարձել եք մարդու իրավունքների ջատագո՞վ: Եթե դա պայմանավորված չէր ձեր կողմից, ինչո՞վ էր պայմանավորված վերջում էդ ծափողջույնները: Դո՞ւք էիք կազմակերպել, թե՞ մենք: Պետք է ժողովրդի հետ ազնիվ լինել և հիշել՝ ինչ էիք խոստանում՝ մինչև էստեղ հայտնվելը, ու հիմա ինչով եք զբաղված»: