Բաժիններ՝

«Ալեն Սիմոնյանը լկտի սուտ է ասում. եթե չհրապարակի իմ կողմից արված հրավերը՝ կհանդիպենք դատարանում». Նաիրա Զոհրաբյանը հերքում է

Ազգային ժողովի շենքի մոտ այսօր վաղ առավոտից մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի խորհրդարանում տեղի ունեցած ելույթի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կանացի արտաքինով և հագուստով տղամարդը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից, որը մեծ աղմուկ առաջացրեց հանրության շրջանում։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու էր եկել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Վերջինս լրագրողների, ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշեց, որ տրանսգենդերին խորհրդարան է հրավիրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 5-ին խորհրդարանում հանձնաժողովը հրավիրել էր հանրային լսումների, որի ընթացքում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն ԱԺ ամբիոնից խոսեց տրանսգենդերների իրավունքների պաշտպանությունից, ինչը չէր առնչվում քննարկման թեմայի հետ, ուստի Նաիրա Զոհրաբյանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրան դուրս էր հրավիրել նիստերի դահլիճից։

Ի դեպ, տրանսգենդերի ելույթից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ նրան խորհրդարան է հրավիրել իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, ով այս պահին Ստրասբուրգում է և մասնակցում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությանը, նկատեց՝ դա լկտի սուտ է, որը չի համապատասխանում իրականությանը։

«Այդ լսումները կազմակերպել էր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակը, ՄԻՊ գրասենյակը և ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը։ Հրավերներ ուղարկվել են միայն դեսպաններին, դիվանագիտական կորպուստի ներկայացուցիչներին և այն անձանց, որոնք ելույթներով պետք է հանդես գային։ Զեկույցի օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում, և օրակարգում եղել է երեք ենթաբաժին՝ դատաիրավական բարեփոխումներ, երեխաների խնդիրները մանկատներում և այլ հաստատություններում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, և այն հասարակական կազմակերպությունները, որոնք ասելիք են ունեցել այդ խնդիրների վերաբերյալ, զանգահարել են հանձնաժողով և գրանցվել են։

Այն թուղթը, որը Ալեն Սիմոնյանը թափահարում էր, ոչ թե հրավեր էր, այլ նրանք են, որոնք զանգահարել են հանձնաժողով և ասել են՝ օրակարգում եղած երեք խնդիրների հետ կապված ասելիք ունեն։ Դա հրավեր չէր, ուստի պարոն Սիմոնյանը լկտի և անամոթ սուտ է ասում։ Պահանջում եմ, որ նա հրապարակի կոնկրետ «Իրավունքի կողմ» հ/կ-ին ուղարկած իմ հրավիրատոմսը. եթե չհրապարակեց, ապա ստիպված կլինեմ իրավական դաշտում պահանջել այն հրապարակել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ այլ մարդ չէին կարող ԴՆԹ անալիզ անցկացնել կամ բոլոր հ/կ-ներին մեկ առ մեկ հարցնել, թե արդյո՞ք խոսելու են լսումների օրակարգում եղած հարցերից։

«Եթե պարոն Սիմոնյանը չհրապարակի իմ կողմից արված հրավերը, ապա մենք խոսելու ենք իրավական դաշտում՝ դատարանում, ինքը պետք է հրապարակի, որ ես եմ այդ հ/կ-ին հրավիրել խորհրդարան, եթե չհրապարակի, մենք միմյանց հետ կխոսենք իրավական դաշտում՝ փաստաբանի միջոցով։ Սա իմ պատվի ու արժանապատվության հարցն եմ համարում»,- ասաց Ն. Զոհրաբյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս