«Սա քաղաքական պրովոկացիա ա». Նիկոլ Փաշինյանը՝ տրանսգենդերի ԱԺ ելույթի մասին
Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրարդաձավ ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին՝ ասելով. «Ես ինչքան հասկացա Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ ա կատարվում և այլն: 2015թ. Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան ավանդույթների և ընտանեկան արժեքների պահապան իշխանություններըմ, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել ա և նրան տվել ա ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր: Ընդ որում՝ անձնագիր է տվել, գրել ա՝ Լիլիթ Մարտիրոսյան սեռը՝ արական: Հիմա ՀՀԿ շարեքերում ընդունված բան ա՞, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլիթ ա՞: Էդ ի՞նչ հարցեր են դնում: Էն պահին, երբ այդ ՀՀԿ իշխանությունն այդ մարդու տվել ա ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը արական, նրան ընդգրկել ա ընտրական ցուցակներում, ուրեմն՝ նրան օժտել ա ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով: Բոլոր՝ առանց բացառության: Եվ այսօր Հանրապետականները… երբ որ ես իրենց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, իրանց չէին հավատում, իրենց էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց ա: Էդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում:
«Բարգավաճ Հայաստանն» ինչի՞ց ա բողոքում: Որ իրանց ներկայացուցիչը ստորագրել ա փաստաթուղթ… ես Պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել, և ինձ տվել են փաստաթուղթ: Այդ փաստաթղթերի պատճեներն իմ ձեռքի տակ են, տվել ա Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել ա ցուցակը և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են: Հիմա էն մյուս մարդիկ, որ բողոքում են, հիմա եկեք այս… ամեն ինչն արձանագրեցինք, չէ՞, Հանրապետականի և «Բարգավաճի»…
Առաջինը, երբ որ իմացա տենց բան, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ, և եթե այսքանից հետո՝ այդ ամեն ինչի տեղի ունեցածից հետո, բայց կա նաև հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ:
Էդ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր. Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի: Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հարապետականները, բարգավաճականները, պահպանողականները… եկեք սկսենք այս եզրույթից:
Երկրորդը՝ այն պահվածքը, որ էս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում ա ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը՝ դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը: Ես կարծում եմ՝ ոչ խորհուրդ եմ տալիս, ոչ էլ կարող եմ ստիպել, որ նաև որպես այդ պրովոկացիայի ստեղծման արդյունքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է ընդհանրապես մտածի՝ իրենց ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպեն պրովոկացիա և փորձեն այդ պրովոկացիայի բանը… սա քաղաքական պրովոկացիա է և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»: