Ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում՝ Լևոն Երանոսյանը հետաքննության բաժանմունք ներկայացե՞լ է, թե՞ ոչ. «Փաստինֆո»
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար,գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի ահազանգը ստուգվում է ոստիկանության կողմից, նախապատրաստվում են նյութեր: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Նշենք, որ դեպքի մասին հայտնել էր SHAMSHYAN.com-ը ՝ նշելով, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծքռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքում, որի մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան են: Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լևոն Երանոսյանը իր փեսայի՝Ժորա Սարուխանյանի հետ ներկայացել են հետաքննչական բաժանմունք:
Մեր այն հարցին, թե Լևոն Երանոսյանը ներկայացե՞լ է ոստիկանություն, թե ոչ՝ ոստիկանության լրատվական ծառայությունից չպատասխանեցին՝ նշելով միայն, որ նյութեր են նախապատրաստվում։