Բաժիններ՝

«Գործընթացում բանավոր ներգրավել են ԱԱԾ-ին, վտանգ եմ տեսնում, որ այս երևույթը կարող է մեկնաբանվել խիստ սուբյեկտիվ այդ կառույցի կողմից՝ ունենալով բացասական հետևանքներ». Շուշան Դոյդոյան

Ապրիլի 4-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հրահանգել էր կոշտ հակահարված տալ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ տարծողներին և այդ հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ։ Ըստ վարչապետի՝ դա ազգային անվտանգության խնդիր է։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ նշեց, որ երկու կարևոր խնդիր է տեսնում, առաջինը վերաբերում է ֆեյքերի դեմ պայքարին, քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի հանդես գալու կեղծանվամբ  կամ առանց անունի, ինչը անձի խոսքի արտահայտվելու և անձնական կյանքի գաղտնիության իրավունքն է։

«Ճիշտ չէ ֆեյքերին դիտարկել միայն բացասական տեսանկյունից, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, սրանք բոլորը կեղծ անուններ են, հիմա ի՞նչ, մենք նրանց անվանե՞նք «ֆեյք» և մեղադրենք, թե ինչու են խուսափել իրենց իսկական անունները գրելո՞ւց։ Այնպես որ՝ սա շատ անիմաստ և ոչինչ չասող պայքարի կարող է վերածվել։

Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, ցավում եմ, բայց մեր օրենսդրությունում չկա որևէ սահմանում, թե ինչ ասել է՝ մանիպուլյացիա, ինչը մեզ հնարավորություն է տալիս սուբյեկտիվ մեկնաբանման։ Քանի որ գործընթացում բանավոր ներգրավել են ԱԱԾ-ին, ուստի վտանգ եմ տեսնում, որ այս երևույթը կարող է մեկնաբանվել խիստ սուբյեկտիվ այդ կառույցի կողմից՝ ունենալով շատ բացասական հետևանքներ։ Ստեղծելով հատկապես ինքնագրաքննության մթնոլորտ, երբ լրագրողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԱԱԾ-ի հետ խնդիրներ չունենալու համար չեն քննադատի Կառավարությանը»,- ասաց Շուշան Դոյդոյանը։

Նրա խոսքով՝ այս խնդրի հետ կապված ուսումնասիրել է տասնյակ երկրների փորձ, որոնք նույնպես կանգնած են այդ խնդիր առջև, ուստի ՀՀ կառավարությունը  պետք է գիտակցի, որ այս խնդիրը միայն իր խնդիրը չէ։

Նրա դիտարկմամբ, նման կարճ ու հապճեպ որոշում կայացնելն առաջին հերթին վնասելու է հենց Կառավարության հեղինակությանը։

«Երկրներ կան, որ կոշտ օրենքներ ընդունելու ճանապարհին են ֆեյքերի կամ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում։ Կարծում եմ՝ մենք այդ երկրների դասին չենք պատկանում, քանի որ դրանք այնպիսի երկրներ են, որոնք քիչ կապ ունեն ժողովրդավարության հետ։ Օրինակ՝ եվրոպական որոշ երկրներ ընդունել են ապատեղեկատվությունը սահմանափակող որոշ իրավական ակտեր, սակայն դրանք վերաբերում են բացառապես ընտրությունների ժամանակաշրջանին, որպեսզի բացառեն կամ նվազագույնի հասցնեն արտաքին ազդեցությունն ընտրական գործընթացում։ Կան երկրներ էլ, որոնք հսկայական գումարներ են ծախսում իրենց հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու համար, օրինակ՝ միայն այս տարի Կանադան տրամադրել է 7 մլն դոլար։ Երբ մեր հասարակությունում կարողանանք հասնել որոշակի գրագիտության, կարծում եմ՝ խնդիրը նվազելու է։

Երկրորդ լուծումը տեսնում եմ մամուլի ինքնակարգավորման մեխանիզմների անընդհատ խրախուսման մեջ, որպեսզի հնարավորինս ավելի մեծ թիվ կազմեն որակյալ լրատվամիջոցները, որոնք ընդունել և հետևում են էթիկայի նորմերին։ Պետք է նաև լրատվական դաշտի ֆինանսական թափանցիկությունը լինի, որպեսզի ընթերցողի առջև ազատ ու ազնիվ լինեն մեդիաները և ասեն, թե ովքեր են սեփականատերերը»,- շեշտեց Շ. Դոյդոյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս