Բաժիններ՝

«ՊԵԿ-ն իրավիճակը տարել է փակուղի». «Սպայկայի» աշխատակից

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի գլխավորությամբ ընկերության մի շարք աշխատակիցներ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ մի քանի  ժամ բողոքի ակցիա իրականացնելուց հետո որոշեցին ակցիան տեղափոխել Կառավարության շենքի մոտ։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ՍՊԸ-ի աշխատակիցները պահանջում են ազատ արձակել այսօր կալանավորված «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին։
Արդեն Կառավարության շենքի մոտ ընկերության աշխատակիցները «Նի-կոլ» և «Վար-չա-պետ» վանկարկումներով պահանջեցին, որպեսզի վարչապետը գա հանդիպման, սակայն նրանց մոտ եկավ վարչապետի օգնականը՝ Նաիրի Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը հստակ ներկայացրեցին Ն. Սարգսյանին, այն է, որ վարչապետը տա իր անձնական երաշխավորությունը, որպեսզի ազատ արձակեն Դավիթ Ղազարյանին, ինչը Նիկոլ Փաշինյանը մերժեց։
Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, եթե հեղափոխություն արել ու չեն վախեցել, ապա այս պայքարից էլ չեն վախենա, և հանուն Դ. Ղազարյանի՝ կպայքարեն, մինչև նա հայտնվի ազատության մեջ։

Նրանց խոսքով՝ Կառավարությունը «վայիս» է լինում իրենց հացին, քանի որ «Սպայկա» ընկերությունն ունի մոտավորապես 2 հազար աշխատակից։

«Եթե Դավիթ Ղազարյանին ազատ չարձակեն, գործը կտուժի, գյուղացին կտուժի»,- վստահեցնում էին նրանք։

Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ ՊԵԿ-ն իրավիճակը տարել է փակուղի։

«Մենք գիտենք, որ իրավապահ մարմինները մեկ օրում կարող են հասնել իրենց ուզածին, մենք պայքարում ենք այս իրավիճակի դեմ, չի կարելի նման բան անել, սա երկրի համար մեծ վտանգներ է պարունակում»,- ասաց Կ. Բաղդասարյանը։

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները մի քանի ժամ Կառավարության շենքի մոտ մնալուց հետո հայտարարեցին, որ այսօր ավարտում են ակցիան, սակայն իրենց պայքարը շարունակական է լինելու։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս