Բաժիններ՝

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և բուժում է ստանում Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ որդու առողջական խնդիրը պարզելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն:

Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար և բժշկական անձնակազմի հետ, ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստաթղթերը, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ: Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ քննարկման արդյունքում որոշվել է զինծառայողի լրացուցիչ հետազոտությունը:

Պաշտպանի ներակայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հոսպիտալում բուժում ստացող՝ Պաշտպանին բողոք հասցեագրած այլ զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց բժշկական փաստաթղթերը:

Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում զինծառայողների բժշկական հետազոտություններն առաջնահերթ և սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Խնդրի կապակցությամբ գրություն կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանը նմանհ արցերում կարևորում է համագործակցությունը Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս