 
                        Լատվիայում մեկնարկել են Iron Spread 2019 զորավարժությունները` ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ
 
                                    Լատվիայի Ադաժի զինափորձարանում ապրիլի 8-ին սկսվել են Iron Spread 2019 զորավարժությունները Բալթյան երկրներում տեղաբաշխված ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խմբերի զինծառայողների եւ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ:
Այդ մասին հայտնել է BNS գործակալությունը՝ հղում անելով Լատվիայի պաշտպանական գերատեսչությանը:
Վարժանքներին մասնակցում է 14 Leopard, Challenger եւ PT-91 տանկ: Զորավարժությունների մասնակիցները փորձարկում են գործողություններ՝ ուղղված դաշնակիցների զինված ուժերի փոխգործակցության եւ համատեղելիության կատարելագործմանը:
Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում տեղաբաշխված ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խմբերի զինծառայողների եւ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ բազմազգ զորավարժություններն անցկացվում են 2018 թվականի հոկտեմբերից:
Բալթյան երկրներում եւ Լեհաստանում ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի տեղաբաշխման որոշումն ընդունվել է 2016 թվականի հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        