ԱՄՆ-ը Խաֆթարից պահանջել է դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա
ԱՄՆ-ը ֆելդմարշալ Խալիֆա Խավթարի՝ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումներին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա: Այս մասին ասված է պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ ապրիլի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Տրիպոլիից ոչ հեռու ընթացող մարտական գործողություններից: Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ հանդես ենք գալիս Խալիֆա Խաֆթարի ուժերի ռազմական հարձակման դեմ եւ հաստատակամորեն կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայի մայրաքաղաքի դեմ»,- ասված է փաստաթղթում:
Փոմպեոն ընդգծել է, որ լիբիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պետքարտուղարը նաեւ նշել է, որ «Տրիպոլիի դեմ այդ միակողմանի ռազմարշավը սպառնալիքի տակ է դնում քաղաքացիական բնակչության կյանքը եւ վիժեցնում բոլոր լիբիացիների համար լավագույն ապագայի հնարավորությունը»:
Ապրիլի 4-ին Խաֆթարը հայտարարել է Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին: Նրա զորքերը մայրաքաղաքը գրոհում են գլխավորապես հարավային ուղղությունից: Այժմ նրանք այնտեղ կատաղի մարտեր են մղում Տրիպոլիում հաստատված՝ Ֆայիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարության կազմավորումների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: