ՀՔԾ պետը հերքում է այն պնդումները, թե Մարտի 1-ի իրադարձություններում ԶՈՒ-ն ներգրավվել է արտակարգ դրություն հայտարարելուց հետո

Զինված ուժերը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ներգրավվել են մինչև արտակարգ դրություն հայտարարելը: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական խմբի պնդումներին:

«Զինված ուժերը ներգրավվել են համար 0038 գաղտնի հրամանով, փետրվարի 23-ից սկսված: Արտակարգ դրությունը հայտարարվել է մարտի 1-ին»,- ասաց Խաչատրյանը:

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեսանյութեր

Լրահոս