Փորձել են սպանել ՊՆ N զորամասի հրամանատարին. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքում մի տղամարդու են կրակել։
1-02 համարով ահազանգած քաղաքացին հայտնել էր նաև, որ կրակողը վնասազերծված է։ Նշված հասցե մեկնեց ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումը։ Նախապես դեպքի վայր հասան մոտակայքում շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ոստիկանները։ Նրանք վնասազերծված տղամարդուն սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։
Մայրաքաղաքում ապրող 57-ամյա Հարություն Սարգսյանին ոստիկանները ներկայացրին տարածքային նախաքննական մարմնին, որտեղ կասկածյալը ձերբակալվեց։
Նախնական տվյալներով՝ Սարգսյանը թմբուկավոր ատրճանակով կրակել է Անդրանիկի 90 շենքում ապրող 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։ Վերջինս վնասազերծել է կրակողին։
Ոստիկանների ժամանելուց հետո հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Գնդակներից մեկը դիպել է որովային, մյուսը՝ ազդրին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ և երկու գնդակ, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։