«ՀՀ ՊՆ հայտարարությունը ցույց է տալիս, որ Վիեննայում որևէ հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն պայմանավորվել». Խրամչիխին

«168 Ժամի» զրուցակիցն է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը

– Պարոն Խրամչիխին, թեև օրերս Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումը որակվեց կառուցողական, իսկ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդես եկավ առանցքային հայտարարությամբ՝ ասելով, որ  «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև այլևս չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Նա նաև նշել էր, որ անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք` ավելացնելով այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Նախարարը նաև ասել է, որ Հայաստանի, հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսել, առնվազն՝ զինված ուժերի և պաշտպանության նախարարի հետ, անթույլատրելի է: Ի՞նչ է, ըստ Ձեզ, սա նշանակում, և որքանո՞վ այս հռետորաբանությունը կապ ունի բանակցությունների արդյունքների հետ:

– Եթե հռետորաբանությունն այդքան սրվել է, իսկ այս որակումները նշանակում են, որ սրվել է, նշանակում է և ակնհայտ է, որ Վիեննայում որևէ հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն պայմանավորվել, ինչը ես բնական եմ համարում: Ես բազմիցս պնդել եմ, որ չեմ հասկանում` ինչի շուրջ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ հաշվի առնելով նրանց լիովին իրարամերժ դիրքորոշումները հակամարտության կարգավորման գործընթացի, կոմպրոմիսների վերաբերյալ: Ես որևէ լուրջ ակնկալիք չունեի տեղի ունեցած հանդիպումից, թեև շատ էր քննարկվում այդ հանդիպման հարցը:

Բայց դրա դրական արդյունքների համար հիմքեր չկային, դա տեսանելի էր նաև հայտարարություններից: Ինչպես երևում է, հերթական անգամ նրանք չեն պայմանավորվել, որի հետևանքով հայկական կողմի հռետորաբանությունն է փոխվել:

– Սրան զուգահեռ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների և անդրադարձերի՝ որոշ հարցերի շուրջ կա կոնսենսուս, ինչպիսին մարդասիրական միջոցառումների անցկացումն է, իրավիճակը սրող հայտարարություններից խուսափելը: Սա պայմանավորվածություն չէ՞:

– Գիտեք, ինչ-որ խոսակցություններ կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, եղել են: Կտեսնենք, թե ինչպես են իրականացվում այդ պայմանավորվածությունները և ինչպես է մթնոլորտը փոխվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ես փոքր-ինչ թերահավատ եմ: Չնայած կցանկանայի, որ իսկապես միջոցառումներ անցկացվեին, որոնք կնպաստեին կողմերի միջև դրական մթնոլորտի ձևավորմանը:

Բայց եկեք ամրագրենք նաև այն, որ համանախագահները բոլոր հանդիպումները ղեկավարների մակարդակով պետք է որակեն՝ որպես կառուցողական և դրական, դա նրանց գործառույթների մի բաղադրիչն է, քանի որ նրանք պետք է ողջունեն բանակցային գործընթացը, հանդիպումները, որքան էլ որ դրանք անարդյունավետ լինեն: Նրանց աշխատանքն է՝ կազմակերպել այդ հանդիպումները: Իսկ հակամարտության տարիների պատմությունը ցույց է տվել, որ այդ հանդիպումները տեղի են ունեցել, բայց մեծամասամբ լուրջ արդյունքներ չեն տվել: Դա այս ամենի մյուս կողմն է: Բայց հայկական կողմը փոխում է հռետորաբանությունը, քանի որ լուրջ հարցերի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ես ընդհանրապես կարծում եմ, որ առանց պատերազմ՝ հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել:

– Այսինքն` այս բանակցությունները չե՞ն ունենալու որևէ արդյունք, չնայած կողմերը նշում են, որ նոր թափ է հաղորդվել բանակցային գործընթացին:

– Եթե կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են, իսկ դրանք իրարամերժ են, ինչպե՞ս կարող է լինել կոմպրոմիս, որն անհրաժեշտ է այս հակամարտությունը կարգավորելու համար: Այստեղ կարող է լինել միայն կողմերից մեկի անխոս կապիտուլյացիա, իսկ ես չգիտեմ, թե որ կողմը և ինչու պետք է կապիտուլյացվի առանց պատերազմի, կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի արդյունքում: Ինչի՞ շուրջ են բանակցում կողմերն այս հանդիպումների ընթացքում. ըստ էության, չեն բանակցում կամ չեն հաջողում բանակցել, քանի որ չկա կոնսենսուս մի շարք կարևոր հարցերի շուրջ, առանց որոնց հնարավոր չէ կարգավորում:

– Ըստ Ձեզ՝ որքա՞ն կարող է երկարաձգվել բանակցային այս տրամաբանությունը:

– Բանակցային գործընթացը սկզբունքորեն կարող է երկարաձգվել մինչև անվերջություն: Հայաստանն ակնհայտորեն դեմ չէ այդ սցենարին, քանի որ ստատուս-քվոն մասամբ ձեռնտու է Հայաստանին, իրերի ներկայիս վիճակը ձեռնտու է, իսկ Ադրբեջանը, իհարկե, չի կարողանա երկար սպասել: Պարզապես չեմ կարող ասել, թե երբ Ադրբեջանը կմտածի, որ պատրաստ է պատերազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը, քանի որ կան նաև արտաքին գործոններ, իսկ դրա համար այսօր անբարենպաստ միջավայր է: Ուստի ես գտնում եմ, որ պատերազմ լինելու է, բայց չեմ կարող ասել, թե երբ կարող է լինել նոր  պատերազմ:

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ է Ադրբեջանը ներկայումս բանակցում հայկական կողմի հետ՝ հասկանալով, որ առանց Արցախի չեն լինելու բովանդակային բանակցություններ, որի մասին ՀՀ վարչապետը հստակորեն հայտարարել  է:

– Հարցն այն է, թե կա՞ արդյոք բավարար հնարավորութուն պատերազմ սկսելու և այն հաղթելու համար: Ինչպես ցույց տվեցին երեք տարի առաջ տեղի ունեցած մարտական իրադարձությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, նման հնարավորություն դեռ չկա: Չկա այն ուժերի առավելությունը, որը նրան կապահովի պատերազմում հաղթանակ:

Տեսանյութեր

Լրահոս