«Նիկոլ Փաշինյանը, անկախ իր կամքից, օրակարգ է թելադրում Ադրբեջանում». Միքայել Զոլյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է դադարենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների   հանդիպումներին որպես մենամարտ նայել:

«Երկու երկրների ժողովուրդը նման հանդիպումներին հաճախ այս տեսանկյունից է նայում: Այս հանդիպումները խաղաղության գործընթացի մի մասն են: Այնքան խնդիրներ են կուտակվել, որ 10-յակ հանդիպումներ պետք է լինեն, որ լուրջ առաջընթաց գրանցվի: Ըստ էության՝ երկխոսությունը վերսկսվել է բարձր մակարդակով, ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձին, այդ մասին ՀՀ վարչապետը հանգամանալից խոսեց:

Վաղուց հայտնի է այն փաստարկը, որ, ի վերջո, Հայաստանի ղեկավարն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից, Արցախի քաղաքացիները չեն մասնակցում այս ընտրություններին, և եթե նախկինում ՀՀ ղեկավարը, արցախյան ծագում ունենալով, Արցախում պետական պաշտոններ զբաղեցրած լինելով, ինչ-որ չափով ոչ ֆորմալ առումով կարող էր հավակնել, որ ներկայացնում է Արցախը, հիմա այդպես չէ: Մենք խոսում ենք ոչ թե բանակցային ձևաչափը փոխելու, այլ այն վերականգնելու մասին: Եթե մենք շահագրգռված ենք հակամարտության կարգավորմամբ, ապա Արցախի վերադարձը պարտադիր է: Սա նախապայման չէ, այնպես չէ, որ եթե Արցախը չվերադառնա, հանդիպումներ տեղի չեն ունենա:

Ոչ, հանդիպումներ տեղի կունենան, այդ թվում՝ նաև նրա համար, որ Արցախը վերադառնա բանակցություններին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Միքայել Զոլյանը՝ հավելելով, որ Հայաստանը, տևական ժամանակ է՝ օրակարգ է թելադրում, առաջ է քաշել որոշակի խնդիրներ՝ Արցախի վերադարձի, Մադրիդյան սկզբունքների ճշգրտման հարցը, որին արձագանքում են մյուս խաղացողները:

«Մենք հաճախ գերագնահատում ենք մեզ, բայց եկեք նաև չթերագնահատենք: Անցած տարի տեղի ունեցած իրադարձությունները գոնե հետխորհրդային երկրների համար շատ կարևոր էին, շատ բան են փոխել նաև այլ, հատկապես՝ ադրբեջանական հասարակությունում: Նիկոլ Փաշինյանը, անկախ իր կամքից, օրակարգ է թելադրում Ադրբեջանում, նույնիսկ ներքին օրակարգ: Նա մարտի 8-ին դուրս է գալիս քաղաք, զբոսնում է, սելֆի է անում, Ալիևն էլ կնոջ հետ Նովրուզի ժամանակ է դուրս գալիս զբոսնում, սելֆի  անում: Այնպես չէ, որ հատուկ ենք անում, այդպես է ստացվել»,- ասաց պատգամավորը:

Միաժամանակ, նրա խոսքով, մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

Անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ  «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ փոխարեն՝ լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» մոտեցումը, Միքայել Զոլյանը նկատեց.

«Սա թեև կարող է որպես ռազմաշունչ հայտարարություն ընկալվել, սակայն իրականում օգնում է կանխել պատերազմը, որովհետև նման հայտարարությունները հստակորեն մեսիջ են ուղարկում բոլոր կողմերին այն մասին, թե ի՞նչը կարող է լինել պատերազմի հետևանք»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս