Արդարադատության նախարարությունը հայտարարել է մրցույթ նախարարին կից հասարակական նոր խորհուրդ ձևավորելու նպատակով

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական նոր խորհուրդ ձևավորելու նպատակով: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ,  զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, շահագրգիռ անձինք:

Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել խորհրդում, եթե նրանց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն, մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և նրանց մասնակցությունը խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) նախարարությունից:

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2019 թվականի ապրիլի 25-ը:

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 624-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1552-Լ որոշմամբ ևս մեկ անգամ սահմանվել է,  որ նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ:

ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշմամբ լրացում էր կատարվել ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության մեջ՝ սահմանելով նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս