«Հայկական կողմը կանխորոշել է Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքը». Գոբլ

«Լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ առաջիկա հանդիպումից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման օրակարգի վերաբերյալ նշել էր, որ հանդիպման ընթացքում պետք է հստակեցվեն այն երեք սկզբունքները և 6 տարրերը, որոնք դրված են բանակցային սեղանին:

Փոլ Գոբլն ասաց, որ հանդիպումից ակնկալիքը պետք է լինի այն, որ ղեկավարները կառուցողական խոսակցություն ունենան կարգավորման զգայուն հարցերի շուրջ, որի արդյունքում սկսված դրական գործընթացը չդադարի տարաձայնությունների պատճառով:

Ըստ նրա, այս ամենում շարունակականությունը չափազանց կարևոր է, որի համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձեցին հարմար հարթակ ստեղծել՝ զսպելով Հայաստանի և Ադրբեջանի այն հայտարարությունները, որոնք կարող էին լարման պատճառ հանդիսանալ:

«Ես կարծում եմ, որ դեռ ժամանակ է հարկավոր լինելու այս ղեկավարներին միմյանց լեզուն հասկանալու և դիրքորոշումները հստակեցնելու համար: Ըստ իս` գլխավոր թեմաներից մեկը այնուամենայնիվ կլինի բանակցություններին Արցախի մասնակցության թեման, քանի որ ՀՀ վարչապետը բանակցությունների բովանդակությունը կանխորոշել է իր հայտարարություններով՝ Արցախի փոխարեն չբանակցելու մասին: Սա ենթադրում է, որ բովանդակային երկխոսություն տեղի չի ունենալու:

Կարծում եմ` բոլորն են հասկանում, որ այս հանդիպումը լինելու է հանդիպում հանդիպելու և ընթացիկ հարցերը, առկա իրավիճակը քննարկելու և բուն խնդիրները շրջանցելու համար:

Կարծում եմ` տվյալ իրավիճակում կարիք կա աշխատել շփման գծում հետաքննական և միջադեպերի արձանագրման մեխանիզմների ներդրման ուղղությամբ, քանի որ կարգավորումը, Արցախին բանակցային սեղան բերելու գործընթացը երկարաձգման վտանգ ունի, իսկ այս դեպքում մեծանալու է շփման գծում անցանկալի իրավիճակների ռիսկը, որոնք կարելի է կանխարգելել այս փուլում, հատկապես, որ դրանք եղել են ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ,  և ԵԱՀԿ-ն աշխատել է դրանց վրա: ԵԱՀԿ ՄԽ-ն շեշտում է իր առաջարկների մասին՝ հասկանալով, որ դրանք ունեն հակառակորդներ, և դա պարզապես արհեստական օրակարգ է, քանի որ այդ սկզբունքները առաջիկայում չեն քննարկվելու»,- ասաց Փոլ Գոբլը:

Խոսելով մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին, թե հանդիպմանն ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ, Փոլ Գոբլն ասաց, որ, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների բնույթը, Մոսկվայում կարող են լինել նման հանդիպումներ:

Ըստ նրա, իհարկե, ՄԽ ձևաչափից կտրված հանդիպումները նպաստավոր չեն, սակայն կան դեպքեր նաև, երբ անհրաժեշտ է նման մակարդակում խոսակցություն՝ ինչ-որ հարցեր լուծելու նպատակով:

«Բայց ներկայումս, կարծում եմ, համանախագահները բավականին սինքրոն են գործում: Եթե չեմ սխալվում՝ հանդիպում է լինելու նախարարականից մինչ ղեկավարների մակարդակով հանդիպումը նախապատրաստելու համար: Բայց չեմ կարծում` լուրջ ակնկալիքներ պետք է ունենալ այս հանդիպումից»,- ասաց նա:

Փոլ Գոբլի խոսքով, ամերիկյան դիրքորոշումը բանակցային գործընթացի նկատմամբ չի փոխվել` այն շարունակում է կտրված մնալ, առանց ներգրավվածության և լուրջ ջանքերի:

«ԱՄՆ-ը պահպանում է իր ավանդական հեռացած քաղաքականությունը՝ պահպանելով ներկայություն այստեղ, որն, ըստ իս՝ սխալ է, քանի որ հակամարտությանն առավելապես տիրապետում է Ռուսաստանը՝ իր ազդեցությամբ, սպառազինության վաճառքով և այլ լծակներով: Սա հարկավոր է հավասարակշռել, բայց դեռ չի հաջողվում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս