Վարչապետը հակադարձում է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում ոչ թե ձախողել է, այլ՝ հաջողել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում իր ելույթում նշել էր, որ Կառավարության ծրագրի հաշվետվողականության մեջ արտաքին քաղաքականության բաղադրիչը հեղափոխական չէ։
Բերելով մի քանի օրինակներ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի զրկվելը, Ա. Բաբաջանյանը նշել էր, որ մեկ բան է՝ խոսելը, մեկ այլ բան՝ դեպի նպատակ տանող ճանապարհի համար աշխատանքներ իրականացնելը։ Արձագանքելով պատգամավորի մտահոգություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դիվանագիտական աշխատանքի մասով ընդունում է պատգամավորի մտահոգությունները։
«Այն ժամանակ, երբ ես ընտրվել եմ վարչապետ, բոլոր համակարգերի հետ կապված, հատկապես դիվանագիտական համակարգի՝ այնպես անել… ի վերջո, հեղափոխությունը նաև այդ համակարգի համար է շոկ, որովհետև այն վերջին 20 տարիների ընթացքում գնացել է կեղծված ընտրություններով, քաղբանտարկյալների առկայությունն է արդարացել, ինչքան նեգատիվ երևույթներ եղել են, իշխանությունը դիվանագիտական համակարգի օգտագործումով փորձել է արտաքին աշխարհում տպավորություններ ստեղծել։ Բայց ես չեմ եկել ու ասել, որ՝ վայ, գիտեք, երբ ես քաղբանտարկյալ էի, գնում-ասում էիք՝ ճիշտ է, ինքը պետք է նստի։ Ես այդ մոտեցումը չեմ ունեցել, ընդհակառակը՝ ասել եմ, որ համակարգը պետք է ցնցումներից զերծ պահել, որպեսզի իրենք ադապտացվեն իրավիճակին, քանի որ դիվանագիտական ծառայությունը պրոֆեսիոնալ ծառայություն է։ Այստեղ համաձայն եմ, որ արդեն ժամանակն է, որ ադապտացվեն այդ իրավիճակին»,- շեշտեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պատգամավորի նշած խնդիրները տեսնում է, սակայն դրանով հանդերձ՝ այն տրամադրվածությանը չէ, որ պետք է գերանդին վերցնել ու սկսել հնձել, չնայած արդեն հասցեական պետք է սկսեն գնահատել ՀՀ դեսպանների աշխատանքը։
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, վարչապետը դիմելով պատգամավոր Ա. Բաբաջանյանին՝ հարցրեց, թե Միացյալ Նահանգներն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին։
«Ես ԱՄՆ-ի գործընկերներին էլ եմ ասել, որ նրանք զրո արձագանք են տվել, երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է, նկատի չունենք, որ կախվածության այս կետից տեղափոխվենք կախվածության մեկ այլ կետ։ Ինքնիշխանություն ասելով՝ դրանց շատ լուրջ ենք վերաբերվում։ Մեր կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի ինքնիշխանության հարցում»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
Նա պատգամավորին նաև հարցրեց, թե ՀԱՊԿ-ում ինչո՞վ են իշխանությունները ձախողել, ավելին՝ նա հակառակ կարծիքին է, այն է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանը հաջողել է։
«Այսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը, և թույլ տվեք ասել, որ մեր նկատմամբ հարգանքը մեծացել է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Սիրիա հումանիտար առաքելություն-զորախումբ ուղարկելուն, Ն. Փաշինյանն ասաց, որ այդ քայլին գնացել են ՀՀ ինքնիշխանության և պատմական առաքելության նկատառումներով։
«Եթե այսօր այնտեղ գտնվող մեր բժիշկներից մեկն օգնել է այն մարդուն, որը մեկ բաժակ ջուր է տվել մեր հայրենակիցներից մեկին, որը մազապուրծ է եղել Ցեղասպանությունից, դրանով մենք մեր պատմական պարտքն են տալիս սիրիացի ժողովրդին։ Եթե այսօր մեր մասնագետները 100 քմ տարածք են բացում, այն մարդկանց թոռների համար, որոնք ժամանակին ապաստան են տվել Ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, համարում եմ, որ սա պատմական առաքելություն է, որ մենք իրականացնում ենք Սիրիայում։ Այն ունի՞ ռիսկեր, իհարկե ունի, բայց արդյո՞ք սա մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը, միջազգային սուբյեկտությունը, այո, մեծացնում է»,- եզրափակեց վարչապետը։
Զվարթ Խաչատրյան