Պատգամավորը վարչապետին հորդորեց թափ տալ արտաքին քաղաքական գերատեսչությունը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցին՝ իր ելույթում նկատեց, որ վարչապետի ներկայացրած հաշվետվողականության մեջ արտաքին քաղաքականության վերաբերյալ բաղադրիչը բոլորովին էլ հեղափոխական չէ։

«Գուցե սա այն պատճառով է, որ Կառավարությունն այստեղ կտրուկ շրջադարձերի խնդիր ի սկզբանե չէր դրել։ Սակայն մտահոգիչ է արտաքին քաղաքականություն մշակողների և իրագործողների գերակշռող նախկին իներցիան և կրավորականությունը։ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակադրումը, որը հնչել է վարչապետ ընտրվելու հաջորդ օրն աջակցության է արժանացել ՀՀ գրեթե բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ մեր կուսակցության կողմից։ Այո, բանակցային գործընթացը կարող է լիարժեք լինել միայն ու բացառապես Արցախի մասնակցությամբ, այս հարցը որևէ մեկի կողմից չի վիճարկվում, սակայն մեկ բան է՝ նպատակադրումը, բոլորովին այլ բան՝ դրան հասնելուն ուղղված աշխատանքը»,- իր խոսքում նշեց պատգամավորը։

Ըստ Արման Բաբաջանյանի՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու նպատակը կյանքի կոչելու համար պահանջվում է մեծածավալ քաղաքական ու դիվանագիտական աշխատանք՝ ոչ միայն ԵԱՀԿ մինսկի խմբի երկրների, այլև՝ Մինսկի կոնֆերանսի երկրների և տարածաշրջանում շահեր ու հետաքրքրություններ ունեցող այլ պետությունների հետ։

Պատգամավորի խոսքով՝ այս ուղղությամբ տարվող որևէ աշխատանք նախորդ տարվա ընթացքում չեն տեսել, խոսքը ոչ միայն հրապարակային աշխատանքի մասին է, այլև այն աշխատանքի, որը պետք է վարեին ՀՀ դիվանագետներն աշխարհի տարբեր երկրներում։

«Այս հարցում քաղաքական և դիվանագիտական աշխատանքի բացակայությունը մեզ համար ծնում է ռիսկեր և սպառնալիքներ, այդպիսին կարելի է համարել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ անընդունելի էին համարում բանակցային ձևաչափի փոփոխությունը։ Տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանի ամենաֆունդամենտալ խնդիրներից մեկը եղել է միավեկտոր արտաքին քաղաքականությունը։

Թավշյա հեղափոխությունից հետո շատերի մոտ ակնկալիք կար, որ վերջապես մեր արտաքին քաղաքականությունը կդիվերսիֆիկացվի, ու վերջ կտրվի միագիծ քաղաքականությանը, ցավոք, դա տեղի չունեցավ։ Հայ-ռուսական հարաբերություններում շարունակեց պահպանվել անվստահության մթնոլորտը, ասվածի ապացույցը գազի գնի թանկացումն է և ԵԱՏՄ-ում ՀՀ քաղաքացիների համար ազգային վարորդական իրավունքների չճանաչումը»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նաև շեշտեց, որ անկախ հետագա զարգացումներից՝ պետք է արձանագրել, որ Հայաստանը ձախողել է ՀԱՊԿ-ում, որտեղ մինչ 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված էր Հայաստանին։

Նա ողջունեց վարչապետի պաշտոնական այցերը Վրաստան և Իրան, ինչը չափազանց կարևոր էր, սակայն հարևանների հետ հարաբերություններում Հայաստանը չի կարողանում մշակել ռազմավարական, հայեցակարգային և երկարաժամկետ ծրագրեր, որից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ հարաբերություններն ավելի շատ կառուցվում ու կառավարվում են՝ իրավիճակային անհրաժեշտություններից ելնելով։

«Հույս ունենք, որ Բրյուսել կատարած վարչապետի այցն ամբողջությամբ կփոխի Հայաստան-ԵՄ հարաբերությունների որակը։ Նախորդ տարի բավականին վիճահարույց իրադարձություններ տեղի ունեցան մեր անվտանգային քաղաքականությունում, նախորդ տարվա ընթացքում կայացրած որոշման արդյունքում Հայաստանն այս տարվա ընթացքում հումանիտար առաքելություն ուղարկեց Սիրիա, ինչն արժանացավ մեր արևմտյան գործընկերների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կոշտ արձագանքին։

Մենք իշխանություններից միայն լսեցինք իրարամերժ կարծիքներ, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել, և որքանո՞վ է այն նպաստում ՀՀ արտաքին ու անվտանգային շահերին։ Նախորդ տարի մենք Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցեցինք ընդամենը 3 հոգանոց պատվիրակությամբ, իսկ անցած շաբաթ մեկնարկած զորավարժություններին ընդհանրապես չմասնակցեցինք»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը վարչապետին հորդորեց թափ տալ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս