Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը և Կանզասի նահանգապետը քննարկել են համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով այցելել է նաև Կանզաս նահանգ։ Այսօր Դավիթ Տոնոյանի պատվիրակությանը և ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին ընդունել է Կանզաս նահանգի նահանգապետ Լոռա Քելլին (Laura Kelly)։

Հանդիպման սկզբում Նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լիի Թաֆանելլին նահանգապետ Քելլիին ներկայացրել է ՀՀ ՊՆ և Կանզաս նահանգի ռազմական համագործակցության ծրագրերը և ուղղությունները։ Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել նահանգապետին նահանգի Ազգային Գվարդիայի հետ համագործակցության բարձր մակարդակի և իրականացվող բազում նախագծերի համար։

Քննարկվել են Կանզաս նահանգի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը նահանգապետ Քելլիին է հանձնել Հայ-Ամերիկյան ասամբլեայի կողմից պատրաստվաղ պատմական նյութերի փաթեթը, որում ներկայացված էին ԱՄՆ-ի կողմից իրականացված հումանիտար առաքելությունների այն փաստերը, որոնք շուրջ 100 տարի առնչվել են Հայաստանի և Հայ ժողովրդի հետ։

Նահանգապետ Լոռա Քելլին հայտարարել և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցել այդ կապակցությամբ թողարկված հռչակագիրը, որով 2019թ. մարտի 27-ը հայտարարվել է ՀՀ-ն և ԱՄՆ կանզաս նահանգի համագործակցության օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս