Բաժիններ՝

«Ես չգիտեմ այնպիսի թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել». Ժիրայր Դադասյան

«Արդարացված չէ թատրոնների միավորումը: Աշխարհում չկան ոչ պետական թատրոններ, բոլոր թատրոններն ինչ-որ տեղից սնվում են: Ստանում են գրանտ, օգնում է քաղաքապետարանը… Գերմանիայի Բոնն քաղաքում էինք, ասացին, որ այնտեղ կա 36 թատրոն, որոնք գտնվում են քաղաքապետարանի ենթակայության ներքո: Այսինքն, պետք է դաշտ ստեղծել, որպեսզի գործեն այս թատրոնները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը:

Հարցին՝ ՊՈԱԿ-ների միավորումը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ, և եթե մասնավորեցվի թատրոնը, կկարողանա՞ն գործել, շահույթ ստանալ, Ժիրայր Դադասյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ մեր թատրոնը նույն օրը կփակվի, որովհետև ես չգիտեմ այնպիսի թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել: Իսկ ՊՈԱԿ-ները միավորելու որոշումը շուտափույթ է: Պետք է խնդիրը ոչ թե դիտարկել այն տեսանկյունից, թե միավորենք ու խնայենք ինչ-որ գումարներ, այլ խնդիրը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ի՞նչ անենք, որ նոր թատրոններ ստեղծվեն: Պետք է զգույշ վերաբերվեն թատրոնների խնդրին, հաշվի առնեն մասնագետների կարծիքը: Այսքան ժամանակ ես չեմ լսել, որ լուրջ, փորձագիտական քննարկում արվի որևէ թատրոնի վերաբերող հարցի լուծման հետ կապված: Բազմազան խնդիրներ կան, որոնց մասին շատ լավ գիտեն թատրոնի մարդիկ: Կարող են ընդհանրապես չընդունել, բայց լսելը պետք է: Կարծում եմ՝ լսելը մեր հասարակության մեջ ամենապահանջված բանն է, որովհետև ավելի շատ խոսում են, լսող չկա»:

Ինչ վերաբերում է դպրոցական աբոնեմենտային համակարգին՝ Ժ. Դադասյանն ասաց, թե չգիտի՝ այդ ծրագիրը հիմա աշխատո՞ւմ է, թե՞ ոչ.

«Փոխարենը՝ մենք մեր ձևով փորձում ենք խնդիրը լուծել, գնում ենք դպրոցներ, պատմում մնջախաղի մասին, ցուցադրում ներկայացում»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս