Կարիք չկա հատուկ դպրոցների կանոնադրական պարտականություններից շեղումները չտեսնելու նպատակով հղում անել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վրա
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վրա անհիմն հղում անելով, պետական պաշտոնյաները երբեմն փորձում են սահմանափակել Օրենքով չարգելվող տեղեկություններ ստանալ։ Սույն օրենքով սահմանվել է, թե ի՞նչ է նշանակում «տեղեկություն», դա անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ 8-րդ՝
«Տեղեկատվության ազատության սահմանափակումները» հոդվածում ամրագրված են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը չի կարող տրվել, ինչպես նաև ի՞նչ դեպքերում տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել։
Ասելիքս կոնկրետ դեպքի հետ է կապված։ 2018թ․ մարտի 26-ին, որպես Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ գրավոր դիմել եմ Մանկավարժահոգեբանական հանրապետական կենտրոնի տնօրենին ու խնդրել տրամադրել Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թ․14 տեսողական խնդիրներ ունեցող հատուկ դպրոցի երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման մասին տեղեկանք ՝ անուն առ անուն։ Ապրիլի 19-ին ստանում եմ այդ ցուցակը ու վերջերս ԿԳ նախարարությունում ինձ ասում են, որ Մանկավարժահոգեբանական հանրապետական կենտրոնն իրավունք չուներ այդ ցուցակն ինձ տրամադրել, որովհետև այն անձնական տվյալներ է պարունակում։ Ուզում եմ տեղեկություններ ստանալու մասին այդ տեսակետն ունեցողներին հրապարակայնորեն ասել հետևյալը․
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով կարելի է տեղեկություն ստանալ նաև անձի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ, որոնք չեն սահմանափակվում 8-րդ հոդվածում նշված դեպքերով։ Ինձ տրամադրված ցուցակում վերոնշյալ հատուկ դպրոցի աշակերտների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման մասին տվյալներն են, որոնցով պետք է իրականացվի աշակերտների ընդունելությունը տվյալ դպրոցում, որը պահանջվում է «Հանրակրթության մասին» օրենքով, որտեղ այդ պարտականությունը դրված է մանկավարժահոգեբանական կենտրոնների վրա ու դա գաղտնիք չի կարող լինել։ Այնպես որ, նման դեպքերում կարիք չկա հատուկ դպրոցների կանոնադրական պարտականություններից շեղումները չտեսնելու նպատակով հղում անել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վրա։
Անահիտ Բախշյան
Հանրային խորհրդի անդամ
Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ