Հայաստանի համար միայն դրական շեշտադրումներ կան. Արման Եղոյանը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների զեկույցի մասին

Եվրոպական միությունն օրերս հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը։ Դրա վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը մի քանի հակիրճ արձանագրությունն էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները պետք է ուշադիր լինեն ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրում, որի նախապատրաստումը մտնում է եզրափակիչ փուլ, Ղարաբաղյան հակամարտության մասին ձևակերպումների նկատմամբ, որպեսզի դրանք չհակասեն Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրին։

Աշոտյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախնդիրների վերաբերյալ, Ղարաբաղյան կարգավորման մասին ԵՄ-ն վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը Մինսկի խմբին, ոչ մի շեշտադրում տարածքային ամբողջականության վրա չկա՝ ի հեճուկս ադրբեջանական պրոպագանդայի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ զեկույցում Հայաստանի համար միայն դրական շեշտադրումներ կան, օրինակ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, խոսքի ազատության, հավաքների ազատության խնդիրների վերաբերյալ։

«Անդրադարձ կա Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակին, որի հետ կապված իրավիճակն ըստ էության 2017 թ. Համեմատ՝ 2018-ին վատացել է, և աշխարհի երկրների շարքում 122-րդ հորիզոնականից հայտնվել է 152-րդ տեղում։ Զեկույցում ռեալ ներկայացվում է իրադրությունը, ոչինչ չի թաքցվում, ուղղակիորեն խոսվում է քաղհասարակության հետ կապված խնդիրների, քաղբատարկյալների մասին, որ հ/կ-ները գործում են սահմանափակ դաշտում, սոցցանցերում գրառման համար մարդկանց կարող են բերման ենթարկել, ձերբակալել, ուշադրություն է դարձվում 2018 թ. ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, որ հավասար պայմաններ չեն եղել, 634 ազատ արձակված բանտարկյալներից միայն 2-ն էին առնչվում քաղաքականության հետ, նրանց էլ մի 2 շաբաթ էր մնում բանտարկության։ Մեդիայի մասին է խոսվում, որ ընդդիմադիր լրատվամիջոցները հարձակման են ենթարկվում և այլն»,- ասաց Ա.Եղոյանը՝ վստահեցնելով, որ դիրքորոշման որևէ մեղմացում չկա, նույնիսկ այն կետերում, որտեղ կարող է որոշակի տնտեսական շահի մասին խոսք գնալ, հղում է արվում որոշակի սահմանափակող դրույթների, օրինակ՝ Կասպից ծովի հետ կապված Թուրքմենստանի և Իրանի հետ երկկողմանի դելիմիտացիան շարունակվում է։

Նա նշեց, որ զեկույցում փաստվել է, որ Ադրբեջանի արտահանումը՝ 90%-ով, և բյուջետային եկամուտները՝ 50%-ով, կախված են նավթից, տնտեսության դիվերսիֆիկացում չկա։

Ա.Եղոյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախորդ զեկույցից տարբերվող առանձնահատուկ ձևակերպումներ չկան, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել ՄԽ համանախագահությանը.

«Կոչ է անում կողմերին, ընդ որում՝ չի նշվում՝ քանի կողմ է, նստել ու կոնստրուկտիվ մթնոլորտում խոսել, հասկանալ, որ էսկալացիան ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Այս հատվածում առանձնահատուկ քաղաքական մեսիջ չնկատեցի, ավելի շատ ստանդարտ մեսիջներն էին, այն է, ինչ նախկինում է եղել, ուղղակի կարելի է ասել, որ ԵՄ-ն հետաքրքրություն է ցուցաբերում»։

«Հայաստանի արտաքին քաղաքականության համար, գործողությունների շատ լայն դաշտ է բացում։ Եթե մեր ցուցանիշները նույն ոլորտներում, որտեղ իրենց մոտ վատթարացում է արձանագրվում՝ կոռուպցիա, խոսքի ազատություն, հավաքների ազատություն, ժողովրդավարություն, մենք բարելավենք, կարելի է ասել, որ շուտով մեր ու իրենց միջև տարբերությունն այնքան ահռելի կլինի, որ նույնանման մոտեցում հնարավոր չի լինի ցուցաբերել, այդ թվում՝ և Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում։ Այսինքն՝ հասկանալի է, որ շատ դժվար կլինի հավասարության նշան դնել իրարից այսքան տարբերվող երկրների միջև, և Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն ակնհայտորեն դրական կընդգծվի, նաև տարածաշրջանում մեր ունեցած դերի առումով»,- ասաց Ա.Եղոյանը։

Տեսանյութեր

Լրահոս